Սարյանի «Հայփոստի» շենքում կստեղծվի Համաշխարհային առևտրի կենտրոն․ Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում մեծ համալիր կկառուցվի

Սարյանի «Հայփոստի» շենքում կստեղծվի Համաշխարհային առևտրի կենտրոն․ Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում մեծ համալիր կկառուցվի

PanARMENIAN.Net - Կառավարությունն ընդունել է Համաշխարհային առևտրի կենտրոն (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին հավանություն տալու և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու մասին» որոշում: Ներդրումային այս ծրագիրը ներկայացրել է «Ռենշին» ՍՊԸ-ն, որը նախատեսում է իրականացնել Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող շենքում:

Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, «EXPO» սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվության ծավալելու համար, զբոսաշրջության նոր լոկացիա՝ այս վայրը կձևափոխվի հյուրերի հետ շրջանցման ենթակա վայրից այցելության համար պարտադիր վայր։

Ծրագրով առաջարկվում է դիտարկել միջազգային բրենդով բարձրակարգ 4 հյուրանոցի կառուցումը 180 սենյակներով՝ հաշվի առնելով պահանջարկի զգալի աճը և առկա բավականին կայուն առաջարկը։ Կառուցվածքը՝ 8.370 քմ հյուրանոցի ընդհանուր մակերես (180 սենյակ)։ Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն դոլար։ Ուղղակի ստեղծվող աշխատատեղեր կլինեն՝ ոչ պակաս քան 10,000 աշխատող:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ուզում եմ ներկայացնել, թե ինչու է կառավարությունը հետաքրքրված այս ծրագրով։ Ըստ էության, Երևանի՝ Սարյան փողոցի «ՀայՓոստի»-ի շենքի փոխարեն, Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում կստեղծվի մեծ համալիր շենք։ Իմ գնահատմամբ և կարծիքով՝ երրորդ հանրապետության պատմության մեջ այդ մասշտաբի շենք չի կառուցվել։ Սա որպես ներդրումային ծրագիր:

Բայց ինչպես նշվեց՝ Առևտրի համաշխարհային կենտրոնը ցանց է, այսպես ասած բիզնես դրոշակների, ուղենիշների ցանց է ամբողջ աշխարհում։ Եվ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես այդ դրոշակը տեղադրված լինի համաշխարհային բիզնես քարտեզի վրա։ Հաջորդ հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ ենք մենք այս ծրագիրն իրականացնում «Ռենշին» ընկերության հետ, որովհետև «Ռենշին» ընկերությունն է այս նախագիծը բերել և այդ ընկերությունն է համաշխարհային առևտրի կենտրոն ցանցի անդամ հանդիսանում։ Ամբողջ շինարարության և ծրագրի գործարկման ավարտին՝ կառավարությունը կունենա մոտ 20 տոկոս բաժնեմաս, որը կարող է տնօրինել ցանկացած ձևով, այսինքն՝ որևէ սահմանափակում այդ բաժնեմասը տնօրինելու մենք չունենք»:

Նշվել է նաև, որ ծրագրից ակնկալվող եկամուտները նախատեսվում է ուղղել «ՀայՓոստի» զարգացմանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---