ԿԽՄԿ–ն հուսով է՝ հումանիտար մատակարարումները ԼՂ կշարունակվեն նաև առաջիկայում

ԿԽՄԿ–ն հուսով է՝ հումանիտար մատակարարումները ԼՂ կշարունակվեն նաև առաջիկայում

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքով և Աղդամով Արցախ բեռների փոխադրման մասին` հույս հայտնելով, որ հումանիտար մատակարարումները կշարունակվեն նաև առաջիկայում։

«Որոշումներ կայացնողների միջև հումանիտար կոնսենսուս գտնելու համար դիվանագիտական համառ ջանքերի արդյունքում այսօր մենք բերում ենք ցորենի ալյուր և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներ։ Գործողությունը ներառում է երկու բեռնատար, որոնք միաժամանակ ապրանքներ են տեղափոխում Լաչինի և Աղդամի ճանապարհներով»,- ասվում է X-ում Կոմիտեի գրառման մեջ։

Նշվում է նաև, որ Արցախում իրավիճակը վատթար է, հայտնում է Factor.am-ը։

«Մարդիկ հերթ են կանգնում հացի համար։ Առողջապահական կառույցներում բացակայում են բժշկական պարագաները։ Նրանք շտապ օգնության կարիք ունեն կանոնավոր մարդասիրական առաքումների միջոցով: Մենք վերջին շաբաթներին բանակցությունների մեջ ենք եղել որոշում կայացողների հետ տարբեր ճանապարհների, այդ թվում՝ Լաչինի ու Աղդամի հետ կապված։ Հուսով ենք, որ որոշում կայացնողների միջև այս կոնսենսուսը թույլ կտա վերսկսել մեր զուտ մարդասիրական շարասյունների շարժը ոչ միայն այսօր, այլ նաև առաջիկա շաբաթներին»,- ասվում է գրառման մեջ։

ԿԽՄԿ-ն նշում է, որ դա հսկայական թեթևացում է, քանի որ շատ մարդիկ, որոնք ապավինում են մարդասիրական օգնությանը, վերջապես աջակցություն կստանան առաջիկա օրերին: Կազմակերպությունն ընդգծում է, որ իրենց «նպատակը խիստ մարդասիրական է՝ հասնելու նրանց, որոնք առավել աջակցության կարիք ունեն՝ չեզոքության, անկողմնակալության և անկախության իրենց սկզբունքներին համապատասխան»։

Սեպտեմբերի 18-ին Բերձորի և Ակնայի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել։ Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն՝ ըստ կարիքների։

 Ուշագրավ
Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո
Պուտինը տեղեկացրել է նրան ԼՂ «հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին»
Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում
---