26 հոկտեմբերի 2023 - 18:25 AMT
Պեսկով․ ՌԴ-ին և ՀՀ–ին «սազական չէ» թերթերի միջոցով շփվել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով The Wall Street Journal–ին (WSJ) տված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, ասել է, որ Ռուսաստանին և ՀՀ–ին «սազական չէ» թերթերի միջոցով շփվելը։

Նա հավելել է, որ Կրեմլը հուսով է տեղեկություններ ստանալ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների մասին հայ գործընկերների հետ խոսակցությունից, գրում է «Վեդոմոստին»։

Հարցին, թե տեսնում է արդյոք Կրեմլն անվտանգության ոլորտում ՌԴ և ՀԱՊԿ–ին ուղղված հարցերի կարգավորման հեռանկար՝ Պեսկովն ասել է, որ շարունակվում են խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում Բաքվին և Երևանին օգնելու փորձերը։

Նա հավելել է, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար։

Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլը հակված չէ, որպես սկզբնաղբյուր ընդունել WSJ–ին։ Ըստ Կրեմլի ներկայացուցչի, պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչ է ասել Փաշինյանը հարցազրույցում։

«Մենք շարունակում ենք երկխոսությունը մեր հայ գործընկերների հետ և կանենք դա նաև հետագայում։ Մենք շատ մեծ օրակարգ ունենք»,–ասել է Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամերիկյան The Wall Street Journal–ին հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելություն է, թե խոչընդոտ, ասել է, որ հայկական կողմը ստեղծված պայմաններում առավելություններ չի տեսնում։ Միևնույն ժամանակ, վարչապետն ասել է, որ Հայաստանից ռուսական ռազմաբազաները հանելու պահանջ դնելու հարց չի քննարկվում։

«Այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»,–ասել է Փաշինյանը։