ԿԲ-ն պարզաբանել են՝ ինչու են որոշ դեպքերում բանկերը հետ ուղարկում ԼՂ-ից տեղահանվածներին փոխանցված աջակցությունը![]() 10 նոյեմբերի 2023 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պետության կողմից տրվող 100,000 դրամ միանվագ աջակցության շահառուների տվյալները պարբերաբար թարմացնում և փոխանցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Այս մասին նշել են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հայտնում է Արմենպրեսը: Նշվում է՝ որոշ շահառուներ 100,000 դրամները դեռ չեն ստացել, քանի որ երբեմն բանկերի կողմից գումարները հետ են ուղարկվում, քարտերի և դրանց տվյալների հետ խնդիրներ են առաջանում: «Բնական է, որ նման ծավալի տեղեկատվության մշակման, ճշգրտման և փոխանցման ընթացքում, հնարավոր է, տեղ գտնեն տեխնիկական վրիպակներ, որոնք, սակայն, հնարավորինս օպերատիվ կերպով իրենց լուծումն են ստանում բոլոր ներգրավված կառույցների մասնագետների կողմից: Եթե շահառուն (բացի այն քարտից, որին գումար փոխանցելու խնդիր է առաջացել) ունի այլ քարտ, ապա գումարը փոխանցվում է այդ քարտին: Եթե շահառուն չունի այլ քարտ, ապա անհրաժեշտ է դիմել բանկ՝ նոր քարտ ստանալու համար, որից հետո գումարը կփոխանցվի նոր թողարկված քարտին: Լրացուցիչ բոլոր պարզաբանումների համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը»,- նշել են Կենտրոնական բանկից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանն էլ մանրամասնել է, որ փոխանցումը կատարվում է այն հաշվեհամարին, որը ԿԲ-ն տրամադրում է նախարարության Միասնական սոցծառայությանը։ «Եթե քաղաքացին բանկի հետ կապված իր խնդիրը լուծել է, մեզ փոխանցվում է նոր հաշվեհամար և իրականացվում է փոխանցումը։ 100 հազարների ծրագրի շրջանակում փոխանցումներն ամենշաբաթյա պարբերականությամբ են իրականացվում, հիմնականում ուրբաթ օրերին»,-պարզաբանել է Մանուչարյանը։ Նա հավելել է, որ 100,000 դրամ միանվագ աջակցության ծրագրի շրջանակում արդեն իսկ վճարման է ուղարկված 104 հազար 200 անձի տվյալ. նրանցից չափահաս՝ 75 հազար 725 անձ , անչափահաս` 28 հազար 475։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |