22 նոյեմբերի 2023 - 12:59 AMT
ԱՄՆ-ն լրացուցիչ $4 մլն կհատկացնի ԼՂ-ից տեղահանվածներին

ԱՄՆ-ն լրացուցիչ ավելի քան 4 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Այդ մասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ ԱՄՆ–ն շարունակում է մնալ ԼՂ հայերի կողքին։

«Երկու ամիս առաջ Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում ստիպեց ավելի քան 100,000 մարդու լքել իր տունն ու տեղափոխվել հարևան Հայաստան։ ԱՄՆ-ն շարունակում է մնալ ԼՂ-ի էթնիկ հայերի կողքին։ ԱՄՆ-ն հայտարարում է լրացուցիչ 4 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցության նպատակով։

․․․Հայաստան իմ այցի ժամանակ ես անձամբ լսեցի բազմաթիվ տեղահանվածներից ահռելի դժվարությունների ու վշտի մասին, որ նրանք ապրել են իրենց տները լքելու պատճառով։ Մենք կշարունակենք անել հնարավորը՝ աջակցելու ինչպես տեղահանվածներին, այնպես էլ նրանց Հայաստանում առատաձեռն հյուրընկալողներին»,–նշել է նա։

Լրացուցիչ գումարը նախատեսված է 70,000 մարդու պարենային աջակցության, հրատապ ապաստանի համար։

Փաուերը տեղեկացրել է, որ սկսած 2020 թվականից Միացյալ Նահանգներն արդեն 28 միլիոն դոլարի աջակցություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հայերին։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։