11 դեկտեմբերի 2023 - 15:46 AMT
Թեհրանը ողջունել է Երևանի և Բաքվի` կալանավորներին ազատ արձակելու համատեղ հայտարարությունը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասսեր Քանաանին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը կալանավորներին ազատ արձակելու վերաբերյալ։

Իրանցի պաշտոնյայի գնահատմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը «դրական իրադարձություն» է, հայտնում է «Ազատությունը»։

«Կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ամրապնդել խաղաղության լեզուն և վստահության մթնոլորտը տարածաշրջանի երկրների միջև, և մենք հուսով ենք, որ այդ միջոցառումների շնորհիվ կողմերին կհաջողվի հասնել խաղաղության և կայունության։ Իրանը պատրաստ է օգնել երկու կողմին հանուն տարածաշրջանային խաղաղության և անվտանգության»,- հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Photo. AP