11 դեկտեմբերի 2023 - 17:54 AMT
Հունաստանի ԱԳ նախարարը մոտ ապագայում մտադիր է այցելել ՀՀ

Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի մեկնարկից առաջ ասել է, որ երկար զրուցել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ և մտադիր է մոտ ապագայում այցելել Հայաստան։

Նա նշել է, որ Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայումս ընթացող խաղաղ գործընթացը, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

«Մենք այսօր արտաքին հարաբերությունների խորհուրդ ենք եկել ծանր ու կարևոր օրակարգով։

Սկսելու ենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հարցից։ Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայումս ընթացող խաղաղ գործընթացը։ Հունական պետության ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի խորհուրդ՝ ներկայացնելու ավելի լայն տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված դիրքորոշումները։ Ես անձամբ երկար զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ և մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան, ինչպես նաև այսօր հնարավորություն կունենամ տեսնելու երկու երկրների՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին։

Հակառակ վերոնշյալի՝ ուղերձները հավասարապես հուսադրող չեն մյուս՝ տարածաշրջանային և միջազգային ճակատներում, մասնավորապես՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարյան Աֆրիկայում, որտեղ կայուն խաղաղության համար է՛լ ավելի ինտենսիվ ջանքեր պետք է գործադրվեն»,–ասել է նա։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: