Փարիզի Բաստիլի հրապարակում բացվել է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես

Փարիզի Բաստիլի հրապարակում բացվել է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես

PanARMENIAN.Net - Փարիզի Բաստիլի հրապարակում ներկայացված է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը, որը բացվել է 2023թ․ դեկտեմբերի 14-ին և կգործի մինչև հունվարի 15-ը։

Ցուցահանդեսը, որի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկար, կազմակերպել են Փարիզի քաղաքապետարանն ու L’Œuvre d'Orient կաթոլիկ կազմակերպությունը, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Ցուցահանդեսի պաշտոնական բացման իր խոսքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետարանին և «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպությանը Հայաստանի և հայ ժողովրդի կողքին մշտապես լինելու համար և նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպումն այդ համերաշխություն հերթական դրսևորումն է։

Հայաստանի դեսպանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելուց հետո, այժմ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում վերացնելու այնտեղ հայկական բազմահազարամյա ներկայության հետքերը, որոնց խոսուն ապացույցներն են ցուցադրվող լուսանկարներում պատկերված եկեղեցիները, կոթողներն ու հուշարձանները։ Այս համատեքստում նա առանձնահատուկ կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման և պահպանման ուղղությամբ միջազգային ջանքերի գործադրումը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել և խոսքով հանդես եկել նաև Փարիզի փոխքաղաքապետեր Առնո Նգաչան և Կարին Ռոլանը, «l’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության նախագահ Ժան-Իվ Տոլոն,նույն կազմակերպության գլխավոր տնօրեն, Գերաշնորհ Պասկալ Գոլնիշը, ինչպես նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---