Օ'Բրայեն. Շատ ոգևորված ենք, որ ՀՀ–ն ու Ադրբեջանն ունեն երկկողմ հագեցած օրակարգ

Օ'Բրայեն. Շատ ոգևորված ենք, որ ՀՀ–ն ու Ադրբեջանն ունեն երկկողմ հագեցած օրակարգ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հեռավար ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ–ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև ու արժանապատիվ խաղաղությանը, չնայած այդ ուղղությամբ դեռ աշխատանք կա անելու։

«Մի քանի հարց չհաշված` մենք շատ ոգևորված ենք, որ նրանք ունեն երկկողմ հագեցած օրակարգ և քննարկում են իրենց տարաձայնությունները»,–ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Օ'Բրայենը հավելել է, որ դեռ աշխատանք կա անելու, և ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել։

«Մենք երկու երկրի հետ էլ լիարժեք հարաբերություններ ունենք՝ տնտեսական, անվտանգային և քաղաքական կապեր և շատ կուզեինք, որ երկուսն էլ օգուտներ քաղեին խաղաղության համաձայնությունից։ Կարծում եմ՝ սա երկու կառավարությունների համար էլ լավ հնարավորություն է՝ ավելին անելու հանուն իրենց ժողովուրդների», - ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։

Օ՛Բրայենը, սակայն, ճեպազրույցում չի անդրադարձել Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման կազմակերպմանը, ինչի մասին պետքարտուղարի Կովկասի հարցերով ավագ խորհրդականի՝ երևանյան այցից հետո խոսել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։

Լուիս Բոնոն Երևանից հետո Բաքու չայցելեց. թե ինչու, ամերիկյան ու ադրբեջանական կողմերը պաշտոնապես չեն բացատրել։ Օ՛Բրայենն էլ այդ մասին չի խոսել։

Օ՛Բրայենը «տպավորիչ» է համարել Հայաստանի բարեփոխումների օրակարգը, Ադրբեջանի մասին էլ ասել, թե այդ երկիրը «տարածաշրջանային զարգացմանը նպաստելու պլաններ ունի», և ամերիկյան կողմի կարծիքով՝ խաղաղության համաձայնությունը միայն կնպաստի այդ պլաններին։

«Կցանկանայինք հնարավորություն ունենալ քննարկելու օրակարգի բոլոր հարցերը երկու երկրների հետ՝ (Ադրբեջանում) ձերբակալված անձանց հետ կապված մեր մտահոգություններից մինչև երկկողմ հարցեր»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից։

«Մենք ոչ մի տեղ չենք գնա, ոչ մի քայլ չենք նահանջի ոչ 2021–ի մայիսին, ոչ էլ 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից, քանի որ սահմանը պետք է որոշվի»,–ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---