Արևելյան գործընկերության ինդեքսում ՀՀ-ն 4-րդն է ԵՄ հետ մերձեցման ցուցանիշով

Արևելյան գործընկերության ինդեքսում ՀՀ-ն 4-րդն է ԵՄ հետ մերձեցման ցուցանիշով

PanARMENIAN.Net - ԵՄ Արևելյան գործընկերության ինդեքսում Եվրամիության հետ մերձեցման ցուցանիշով ՀՀ-ն 4-րդ հորիզոանականում է։ Ըստ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների 2023 թվականի ինդեքսի՝ Ուկրաինայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատերազմը կիսում է Եվրոպայի արևելյան գործընկերության երկրներին․ որոշները մոտենում են ԵՄ-ին, մյուսները՝ հեռանում։

Եվրամիության հետ մերձեցման ցուցանիշով առաջատարն է Մոլդովան (0,7 միավոր), երկրորդ տեղում Ուկրաինան է (0,66), երրորդում՝ Վրաստանը (0,63)։ Հայաստանը չորրորդ տեղում է (0,61 միավոր), Ադրբեջանն ու Բելառուսն ամենացածր միավորներով, համապատասխանաբար՝ 0,47 և 0,45 միավոր, 5-րդ և 6-րդ տեղերում են, հայտնում է Factor.am-ը։

2023 թվականի ինդեքսում գնահատվում է առաջընթացը 2021-ի սեպտեմբերից մինչև 2023-ի նոյեմբերը երեք ոլորտներում՝ 1. Ժողովրդավարություն, լավ կառավարում և օրենքի գերակայություն, 2. Քաղաքականության կոնվերգենցիա և 3. Կայուն զարգացում:

Հայաստանը համեմատաբար կայուն ցուցանիշներ է գրանցել 2023 թվականի ինդեքսում, սակայն բարեփոխումների լճացումը և հիմնական ոլորտներում հետընթացի պոտենցիալն ակնհայտ է։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանի ցածր միավորը կապված է ժողովրդավարության և լավ կառավարման ոլորտում ձախողման հետ, հատկապես՝ պետական հաշվետվողականության, անկախ լրատվամիջոցների (նախկինում առաջատարն էր այս ցուցանիշով), խոսքի և արտահայտվելու ազատության, հավաքների անցկացման ազատություն և կոռուպցիայի դեմ պայքարի առումով, սակայն այս կորուստները «փոխհատուցվել են» դատական ոլորտի անկախության բարելավմամբ:

Նշվում է նաև, որ թեև ինդեքսում Հայաստանի կատարողականը բավականին բարձր է, սակայն արդյունքները ցույց են տալիս բարեփոխումների հապաղում, օրենքների միջև անհամապատասխանություններ, հետևաբար, ԵՄ-ի հետ մերձեցման դանդաղում։

Նշվում է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը ցույց են տալիս, թե ինչպես կարող է ազգային անվտանգությունը «հաստատակամ» հիմք դառնալ իշխանությունների համար՝ արդարացնելու չափազանց սահմանափակող քաղաքականությունը և նվազեցնել քաղաքացիական հասարակության վերահսկողության շրջանակը:

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ևս ազդել է կարծիքի և արտահայտվելու ազատության, ազատ հավաքներ անցկացնելու վրա ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում։ Զեկույցում ընդգծվում է, որ ռուսական ագրեսիան Ուկրաինայում ավելի շատ ամրապնդել է, քան թուլացրել հարաբերությունները ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև։ Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ են ստացել 2022 թվականի հունիսին՝ իրենց դիմումները ներկայացնելուց ընդամենը չորս ամիս անց։ Վրաստանը Եվրամիության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2023 թվականի վերջին։ Ինդեքսը ցույց է տալիս, որ Մոլդովան և Ուկրաինան անշեղորեն իրականացնում են համակարգային փոփոխությունները, որոնք ակնկալում է Բրյուսելը։

Մոլդովայի առաջատար դիրքը պայմանավորված է ընտրական բարեփոխումների, քաղաքական բազմակարծության, կոռուպցիայի դեմ պայքարի և հավասար հնարավորությունների ստեղծման տպավորիչ արդյունքներով։

Ուկրաինայի վարկանիշը թուլացել է պատերազմի և պատերազմական իրավիճակով պայմանավորված սահմանափակումների պատճառով։ Միևնույն ժամանակ, պատերազմը չի խանգարել Ուկրաինային բարեփոխումներ իրականացնելու հարցում: Այն ոլորտները, որտեղ Ուկրաինան ամենաշատ առաջընթացն է գրանցել, ներառում են անկախ լրատվամիջոցները, կարծիքի և արտահայտվելու ազատությունը, հավաքների և միավորումների ազատությունը, անկախ դատական համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---