Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը Վաշինգտոնում խոսել են արցախցիների անվտանգ վերադարձի ապահովման անհրաժեշտության մասին

Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը Վաշինգտոնում խոսել են արցախցիների անվտանգ վերադարձի ապահովման անհրաժեշտության մասին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ավարտել են իրենց երկշաբաթյա աշխատանքային այցը Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ բարձրաստիճան կոնգրեսականներին, վարչակազմի պաշտոնյաներին ու իրավապաշտպան խմբերի լայն շրջանակների կոչ են արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Արցախի 150,000 հայության դեմ իրականացված ցեղասպանության համար, ինչպես նաև աջակցելու արցախցի փախստականներին՝ ապահովելու վերջիններիս անվտանգ վերադարձը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը միացել է Ստեփանյանին և Բեգլարյանին՝ ավելի քան 60 կոնգրեսական գրասենյակների հետ հանդիպումների և ճեպազրույցների ժամանակ։ Այդ ամենը համընկել է Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր երկու բանաձևերի ներկայացման հետ, որոնց նպատակն է դադարեցնել ամերիկյան ռազմական օգնությունը Ադրբեջանի ցեղասպան ռեժիմին և վերջինիս պատասխանատվության ենթարկել իր հանցագործությունների համար:

Հանդիպումների ընթացքում Ստեփանյանն ու Բեգլարյանը սեփական վկայություններն են ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի տասն ամիս տևած շրջափակման դաժան իրողությունների մասին, որոնք գագաթնակետին հասան 2023թ․ սեպտեմբերի ցեղասպանական հարձակմամբ, ինչի արդյունքում բռնի կերպով դատարկվեց Արցախը։ Բանախոսները խոսել են արցախահայության դեմ Ադրբեջանի կանխամտածված հարձակումների պատմությունից, ինչը հիմք է հանդիսացել 2023թ․ ցեղասպանության։

Արցախցի հյուրերը նաև կարևորել են ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Արցախի ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկումը։

Ստեփանյանն ու Բեգլարյանն ընդգծել են, որ առանց միջազգային ջանքերի՝ ուղղված Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքի իրացմանը և առանց կատարված հանցագործությունների համար պատասխանատվությանը, տարածաշրջանում անհնար կլինի կայուն խաղաղություն հաստատել։ Նրանք նաև ընդգծել են, որ Ադրբեջանի կառավարության կողմից բորբոքված համակարգային հակահայկական ատելությունը պետք է արմատախիլ արվի՝ ապահովելու համար հակամարտության կայուն կարգավորումը և տարածաշրջանային կայունությունը։

Վաշինգտոնում գտնվելու ընթացքում Բեգլարյանը և Ստեփանյանը մասնակցել են Կրոնի ազատության միջազգային գագաթնաժողովին, որը համանախագահում էին միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը (2018-2021) և մարդու իրավունքների «Լանթոս» հիմնադրամի նախագահ Կատրինա Լանթոս Սվեթը:

Արցախի ժողովրդի ներկայացուցիչները մասնակցել են նաև Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբան ուսանողների ասոցիացիայի կողմից կազմակերպված քննարկմանը, որտեղ նրանք կիսվել են Արցախի տեղահանված բնակչության առջև ծառացած շարունակական մարտահրավերների և կոնկրետ քաղաքական ու իրավական գործողությունների անհրաժեշտության մասին:

Ի լրումն երկրի մայրաքաղաքում աշխատանքների՝ Ստեփանյանի ու Բեգլարյանի ուղևորությունը ներառում էր նաև Նյու Յորքում գործող միջազգային կազմակերպությունների և համայնքային ղեկավարների հետ հանդիպումների մեծ շարք: Վաշինգտոնում գտնվելու ժամանակ նրանք հանդիպել են նաև ԱՄՆ պետքարտուղարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

Ավելի վաղ Ստեփանյանը և Բեգլարյանը մասնակցել են Կալիֆորնիայի նահանգային և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հետ հանդիպումներին, Իրավաբանների հայկական ասոցացիայի կողմից կազմակերպված քննարկմանը և համայնքային այլ հանդիպումների։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---