Պեսկով․ Շփումներ են պետք հայ գործընկերների հետ՝ կպարզաբանենք ՀԱՊԿ–ի հետ կապված իրավիճակը

Պեսկով․ Շփումներ են պետք հայ գործընկերների հետ՝ կպարզաբանենք ՀԱՊԿ–ի հետ կապված իրավիճակը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ–ից, ասել է, որ Մոսկվան կշարունակի շփումները Երևանի հետ և կապրազաբանի ՀԱՊԿ–ում ՀՀ հետագա անդամության հարցը։

Փաշինյանը մարտի 12–ի ասուլիսում հայտարարել է, որ եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի հարցին՝ թե որն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը և այդ պատասխանը կհամապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, դա կնշանակի՝ Հայաստանի և ՀԱՊԿ միջև հարցերը հասցեագրված են, լուծված և ամփոփված՝ դրանից բխող հետևանքներով, եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Նա նաև հավելել էր, որ չի կարող ասել, թե դա երբ տեղի կունենա։

«Անշուշտ, մենք լսել ենք այդ հայտարարությունները։ Առջևում, իհարկե, շատ աշխատանք կա։ Մեզ անհրաժեշտ են շփումներ մեր հայ գործընկերների հետ ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակում, այնպես էլ երկկողմ մակարդակով։ Կպարզաբանենք ու կխոսենք ՀՀ վարչապետի հայտարարությունների մասին»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ–ը։

Պեսկովը չի պաստախանել այն հարցին, թե ինչպես են ՀԱՊԿ–ում վերաբերվում Փաշինյանի նման հայտարարություններին։

«Դա պետք է ՀԱՊԿ–ում հարցնել։ Մենք չենք կարող խոսել ՀԱՊԿ–ի անունից»,–ասել է նա։

Նա նմանատիպ պատասխան է տվել նաև այն հարցին, թե կարող է արդյոք այս իրավիճակը ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովի առիթ հանդիսանալ։

«Կրկին, դա ՀԱՊԿ–ում պետք է որոշեն։ Անշուշտ, ՀԱՊԿ շրջանակում որոշակի անելիքներ կան»,–ասել է նա։

Ավելի վաղ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---