ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ ԼՂ-ից 2 անձ տեղափոխվել է Հայաստան

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ ԼՂ-ից 2 անձ տեղափոխվել է Հայաստան

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 2 անձ, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

«Լուրերի» տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են՝ Սարգիս Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը:

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրել է, որ անձանց Հայաստան են տեղափոխել նրանց իսկ ցանկությամբ:

Ըստ Ամատունու՝ Լեռնային Ղարաբաղում այս ընթացքում տարբեր հարցերով աջակցում են մոտ 20 հայի, օգնում չխզել կապը Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող հարազատների հետ: Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ:

«Ցանկացած մարդ, որ տեղափոխվում է իր ցանկությամբ, որևէ անձի չենք կարող դրդել որևէ արարքի. հայտնում են, մենք՝ որպես չեզոք միջնորդ, օգնում ենք, մեր առաքելությունն է ապահովել տեղափոխությունը, երբ հատում են սահմանը, մեր առաքելությունն ավարտվում է, նրանք պատկան մարմինների, հարազատների հետ են»,- ասել է Ամատունին:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---