ԱՄՆ ՄԶԳ-ն $ 8.6 մլն կհատկացնի ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունն ամրապնդմանը

ԱՄՆ ՄԶԳ-ն $ 8.6 մլն կհատկացնի ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունն ամրապնդմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը կենտրոնացած է Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ամրապնդման, պարենային անվտանգության կայունացման վրա։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին ՄըքՔին։

«8․6 միլիոն դոլար արժողությամբ մեր նոր ծրագիրը կբարելավի Հայաստանի վերականգնվող էներգիայի հասանելիության և ինտեգրման հնարավորությունները: Բացի այդ, չնախատեսված հանգամանքների դեպքում պլանավորումը թույլ կտա Հայաստանին համակարգված արձագանքել մատակարարումների խափանումներին՝ միաժամանակ բարձրացնելով էներգաարդյունավետությունը:

Այս ֆինանսավորումը նաև կամրապնդի Հայաստանի ՝ կիբերանվտանգության ոլորտում երկրի էներգետիկ ենթակառուցվածքների կրիտիկական խոցելիություններն ավելի լավ հաղթահարելու ունակությունը»,-ասել է ՄըքՔին, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կօգնի կայունացնել Հայաստանի պարենային անվտանգությունը՝ աջակցելով հացահատիկի արտադրության և պահպանման ծավալների մեծացմանն ուղղված հայ ֆերմերների ջանքերին:

«Առաջիկա 6 միլիոն դոլար արժողությամբ պարենային անվտանգության ծրագիրը կբարձրացնի հիմնական մշակաբույսերի արտադրողականությունը՝ հաշվի առնելով կլիմայական պայմանները: Դա արվելու է Հայաստանի պարենային համակարգի արդիականացման միջոցով, և մենք կարող ենք ավելացնել ներքին արտադրությունը և նվազեցնել կախվածությունը ներմուծումից»,- նշել է ՄըքՔին։

Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել անհրաժեշտ բարեփոխումներին և կառավարության կարողությունների ամրապնդմանը:

«Թվային ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված աշխատանքը կարդիականացնի և կընդլայնի Հայաստանի մոտեցումը պետական կառավարման, առևտրի դիվերսիֆիկացման և տնտեսական ինտեգրման նկատմամբ: Բայց ամենակարևորը՝ մենք կենտրոնացած ենք Հայաստանի ժողովրդի մարդկային արժանապատվությունը որպես գլխավոր առաջնահերթություն պահպանելու վրա»,- եզրափակել է ՄըքՔին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը ապրիլի 5-ին հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Հայտարարվել է, որ ԵՄ-ն 270 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին, Հայաստանի համար աջակցության նոր փաթեթի՝ Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակում արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ ԱՄՆ–ն $65 մլն կհատկացնի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---