6 ապրիլի 2024 - 14:02 AMT
Երուսաղեմի հայ համայնքը կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել թաղամասի պաշտպանությանը՝ նրանք զինված են, մենք՝ ոչ

Երուսաղեմի հայ համայնքը հրատապ կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով համայնքի համար խիստ վճռորոշ պահին աջակցել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասը պաշտպանելու գործում: Կոչը ստորագրել են Երուսաղեմի հայ համայնքի սոցիալական, բարեգործական, երիտասարդական և քաղաքական կազմակերպությունների ու միությունների և, իհարկե, «SavetheArQ» շարժման ներկայացուցիչները։

Նշվում է, որ պետք է գերիշխի օրենքի գերակայությունը, ոչ թե իսրայելցի վերաբնակների ապօրինի և ուժային ոտնձգությունները՝ Իսրայելի ոստիկանության աջակցությամբ:

«Իսրայելի ոստիկանության վերջին գործողությունները արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքներին, որոնց մենք բախվում ենք, վտանգավոր նշաձող են ավելացրել։ Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի կողմից հարուցված շարունակական դատական գործընթացներին՝ ուղղված «Կովերի պարտեզի» հետ կապված անօրինական գործարքը չեղյալ հայտարարելուն, Իսրայելի ոստիկանությունն այժմ միացել է իսրայելցի վերաբնակներին, ովքեր ակտիվորեն սրում են լարվածությունը և փորձում են տեղում ուժով փոխել իրողությունը: Ըստ այդմ, խիստ վտանգված է Երուսաղեմում մեր 1600-ամյա ներկայությունը: Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի պատմական գոյությունն այժմ վտանգի տակ է։

Խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել Երուսաղեմում մեր մշակութային և պատմական ժառանգության նշանակությունը և կանգնել մեր կողքին՝ ի պաշտպանություն Երուսաղեմում հայության գոյության իրավունքի: Հայկական թաղամասը զուտ աշխարհագրական տեղանուն չէ, դա մեր մնայուն ներկայության և ինքնության խորհրդանիշն է: Դրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն ոչ միայն խաթարում է մեր համայնքն ու պատրիարքարանի իրավունքները, այլև սպառնում է ոչնչացնել Հին քաղաքի խճանկարը:

Մենք բոլոր շահագրգիռ կողմերին` ներառյալ պետությունների ղեկավարներին, դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպաններին, կոչ ենք անում բարձրացնել այս գոյութենական սպառնալիքի հանրային հնչեղությունը, համախմբվել և մեզ հետ համարաշխությամբ առավելագույն ջանքեր գործադրել՝ կասեցնելու հետագա ոտնձգությունները հայկական կալվածքների նկատմամբ և պահպանելու hայկական թաղամասում առկա «ստատուս քվոն»։

Մենք համապատասխան բոլոր կողմերին հատուկ կոչ ենք անում՝ ճնշում գործադրել իսրայելական ոստիկանության վրա՝ դադարեցնելու իրենց անմիջական օգնությունը, նույնիսկ իսրայելցի վերաբնակներին ուղեկցումը, ովքեր ցանկանում են բռնի ոտնձգություն կատարել «Կովերի պարտեզի», հայկական թաղամասի և հայ համայնքի նկատմամբ։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգ են Երուսաղեմի ամբողջականության, նրա պատմության և բոլոր համայնքների կենսունակության պահպանմամբ, պահանջել, որ Իսրայելի կառավարությունը պարտավորեցնի տեղի ոստիկանությանը չօգնլու, չխթանելու և նույնիսկ չգլխավորելու ընկերությունների հարձակումը հայ համայնքի վրա, չբռնագրավելու հայկական թաղամասի և համայնքի թանկարժեք գույքը։

Նրանք զինված են։ Մենք՝ ոչ։ Պետք է գերիշխի օրենքի գերակայությունը, ոչ թե իսրայելցի վերաբնակների ապօրինի և ուժային ոտնձգությունները՝ Իսրայելի ոստիկանության աջակցությամբ։ Մեր ֆիզիկական անվտանգությունը, իրավական գործընթացները և «ստատուս քվոն» պետք է պաշտպանված լինեն: Այս պահին, իսրայելական ոստիկանության և վերաբնակների ձեռնարկած գործողությունների հետևանքով, բոլորը վտանգված են»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հայկական ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ոչ միայն պարտականություն է, այլ նաև հարգանքի, հանդուրժողականության և մշակութային բազմազանության ընդհանուր արժեքների վկայություն, որոնք պետք է պահպանվեն Երուսաղեմում: Նշվում է նաև, որ այս արժեքներն այժմ վտանգված են ոչ միայն իսրայելցի վերաբնակների կողմից, այլ հենց իսրայելական ոստիկանական ուժերի կողմից, որոնք պաշտպանում են նրանց:

Ապրիլի 3–ին իսրայելցիները ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը դատապարտել է կատարվածը և պատասխաններ է պահանջել Իսրայելի ոստիկանությունից և կառավարությունից։ Ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում այս գործարքի դեմ։

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: «Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական»,– վստահեցրել է նա։ Իսրայելցիները պարբերաբար բռնի ներխուժման փորձեր են անում։