9 ապրիլի 2024 - 11:56 AMT
Միլլեր․ ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած հնարավոր դեր ունենալ՝ նպաստելու ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսությանը

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով վերջին օրերին սահմանին ու հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցներին, ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած հնարավոր դերակատարում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու համար։ Այդ մասին նա ասել է ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ այս պահին չի ցանկանում որևէ բան ասել ամերիկյան կողմի մասնակցությամբ ինչ–որ կոնկրետ հանդիպումների մասին։

«Մենք հստակ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղին սեղանի շուրջ բանակցություններն են։ Ես չեմ ուզում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ հասկացրել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։

Երբ պետքարտուղարը շփվում էր ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հստակ ասել է, որ կողմերի միջև երկխոսություն է անհրաժեշտ։ Մենք ուրախ կլինենք ցանկացած հնարավոր դերակատարում ունենալ ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու համար և կշարունակենք դա անել, բայց ես չեմ ուզում ինչ–որ կոնկրետ հանդիպումների անոնս անել»,– ասել է Միլլերը։

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: