Ադրբեջանում հակահայկական օլիմպիադան ապացուցում է` Բաքուն չի պատրաստվում հրաժարվել իր զավթողական ծրագրերից

Ադրբեջանում հակահայկական օլիմպիադան ապացուցում է` Բաքուն չի պատրաստվում հրաժարվել իր զավթողական ծրագրերից

PanARMENIAN.Net - Ադրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվել, որ ապրիլի 27-ին աշակերտական օլիմպիադա է անցկացվելու «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով (այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նկատի ունեն Հայաստանի Հանրապետության տարածքը): Ադրբեջանում կազմակերպվելիք այս հակահայկական դպրոցական օլիմպիադան ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական և անօրինական ծրագրերից։ Այդ մասին ասվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս միջոցառումն Ադրբեջանի զավթողական քաղաքականության բազմաթիվ դրսևորումներից ընդամենը մեկն է։ Ադրբեջանի ղեկավարությունը, չթաքցնելով իր վարած քաղաքականության բնույթը, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ադրբեջանցիների «պատմական հայրենիքն» է, և իրենք անպայման պետք է այնտեղ վերադառնան։

Իլհամ Ալիևն այս թեզով հանդես է եկել 2022 թ. «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության վարչական շենք իր այցելության ժամանակ։ Հարկ է նշել, որ այդ կազմակերպության գործունեությունն ամբողջովին միտված է պետական հովանավորչությամբ վերը նշված կեղծ թեզերի մշակմանն ու տարածմանը:

Միջոցառումն իրականացնում են Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը, Նախիջևանի կրթության նախարարությունը, Ադրբեջանի կրթության ինստիտուտը, Նախիջևանի պետական համալսարանը և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը։

Ըստ կազմակերպիչների՝ օլիմպիադայի նպատակն է բարձրացնել աշակերտների իմացությունը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» պատմության, աշխարհագրության, մշակույթի, գրականության, ականավոր հասարակական գործիչների, պատմական գործիչների, տեղանունների և բանահյուսության մասին ու ապահովել գիտելիքների խորը ուսումնասիրությունը: Երեք փուլով անցկացվող օլիմպիադային պետք է մասնակցեն 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտները:

«Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես են Ադրբեջանում հայատյացություն սերմանում անգամ մատաղ սերնդի շրջանում։ Սա նաև ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական և անօրինական ծրագրերից։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների հովանավորությամբ կազմակերպվող այս և նմանատիպ այլ հակահայկական միջոցառումները և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի զավթողական քաղաքականության և ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների սպառնալիքի վրա»,–ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---