Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով

Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդերասյանը կառավարության նիստում հայտարարել է, որ բուհական ընդունելության գործող կարգը, սկզբունքները վերանայվում են, մշակվում են նորերը։

Նա հայտարարել է, որ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով։ Նախարարը նշել է, որ Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը, և այս տարի արդեն կան ըստ դրան ավարտող առաջին շրջանավարտները, գրում է Sputnik Արմենիան։

«Տավուշի մարզի շրջանավարտները հնարավորություն կունենան դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով ընդունվել բուհ։ Սա նրանց համար հավելյալ հնարավորություն է»,– նշել է նախարարը։

Նա նաև նշել է, որ տավուշցի շրջանավարտների համար ընդունելության թեստերը կկիրառվեն նոր ձևաչափով, իսկ 2026 թվականից այս համակարգը կգործի հանրապետության բոլոր շրջանավարտների համար։

«Նոր թեստերի առաջադրանքները հնարավորություն կտան ձևավորել տրամաբանական մտածողություն, այլ ոչ թե տարիներ շարունակ շտեմարաններով ու թեստերով անգիր անելու, վարժեցնելու հմտությունները։ Թեստերը կստուգվեն ինքնաշխատ եղանակով, այսինքն մարդկային գործոնը բացառված է»,– նշել է Անդրեասյանը։

Նա ավելացրել է, որ դպրոցական ավարտական փուլում դեռ երեք պարտադիր քննություն կա` հայոց լեզու–գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, կան նաև որոշ կարգավորումներ ազգային փոքրամասնությունների ու ռուսերենով ուսուցման համար։

«Այս տարի նախատեսում ենք ներառել բոլոր առարկանները, և շրջանավարտները հնարավորություն կունենան կամընտրությամբ հանձնել այն առարկան, որը իրենց պետք է բուհ ընդունվելու համար։ Պետք է գնանք նրան, որ ընդունելության քննություններն իրականացվեն համակարգչային եղանակով, այլ ոչ թե թղթով, ինչպես հիմա է»,– ընդգծել է նախարարը։

Անդրեասյանի խոսքով` պետք է աստիճանաբար գնան այն մեխանիզմին, որ բուհերը սահմանեն ընդունելության նվազագույն պահանջ, որպեսզի դիմորդները բավարարեն դրանք։ Բացի այդ, ավագ դասարաններում կան կրեդիտային համակարգ ու հիմա մեր որոշ բուհեր աշխատում են դպրոցների հետ, որպեսզի ընդունելության ժամանակ հաշվի առնվեն նաև կրեդիտները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---