Կլաար․ Ադրբեջանն ու ՀՀ-ն ավելի, քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Կլաար․ Ադրբեջանն ու ՀՀ-ն ավելի, քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն ավելի, քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և որ խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում։ Նա այդ մասին ասել է ադրբեջանական Report.az-ին տված հարցազրույցում։

«Մենք ուրախությամբ ենք նշում առաջընթացը, որը ձեռք է բերվել հայ–ադրբեջանական երկկողմ հանդիպումների արդյունքում»,–ասել է նա։

Նա կարևորել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ի հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը, 2024–ի ապրիլի 19-ի սահմանների սահմանազատման հայտարարությունը։

«Այս ամենը բարենպաստ պայմաններ է ստեղծել երկար սպասված խաղաղության պայմանագրի կնքման համար և, որքան հասկանում եմ, կողմերն այժմ ավելի քան երբևէ մոտ են մի համաձայնագրի, որը քաղաքական կամքի առկայության դեպքում կարող է ստորագրվել ամենամոտ ապագայում։ Պետք է ողջունել նաև այն փաստը, որ այս գարունը վերջին տասնամյակների ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկն էր տարածաշրջանում:

Կարծում եմ, որ կողմերը ճիշտ ուղու վրա են։ Հուսով եմ, որ դրական զարգացումները կշարունակվեն և շուտով ձեռք կբերվեն հետագա կոնկրետ պայմանավորվածություններ և վստահության ամրապնդման գործողություններ։ Խաղաղության համաձայնագրի տարրերի մեծ մասն արդեն համաձայնեցված է, իսկ մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Կլաարը։

Նա հավելել է, որ ԵՄ–ն, նախկինի պես, պատրաստ է ամեն կերպ նպաստել այդ գործընթացին։

Ավելի վաղ Կլաարը ողջունել էր հրադադարի խախտումների հետաքննման երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում ՀՀ ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի, իբր, խախտումների մասին, որոնք, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է։ Այդ հաղորդագրությունները հերքել է նաև Հայաստանում տեղակայված Եվրամիության առաքելությունը:

 Ուշագրավ
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
---