Խաղող մթերողները մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք կստանան

Խաղող մթերողները մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք կստանան

PanARMENIAN.Net - Խաղող մթերողներին մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք կտրամադրվի: Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման մեջ:

Տնտեսվարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում պետությունը օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը կտրամադրի մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2023-ի արտահանված արտադրանքի արժեքը: Այդ մասին կառավարության նիստում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին, լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում, կտրամադրվի բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ՝ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով:

Պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին հնարավորություն կտրվի պտուղբանջարեղենի գնումներ կատարելու նպատակով տրամադրվող վարկերից բացի ներգրավելու լրացուցիչ վարկեր՝ մթերված պտուղբանջարեղենի վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռքբերման համար։

Բացի այդ սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող կազմակերպություններին հնարավորություն կտրվի պտուղբանջարեղենի և խաղողի լրացուցիչ գնումներ կատարելու նպատակով մինչև հոկտեմբերի 1-ը կնքելու պայմանագրեր և ապահովելու դրանց արժեքի վճարումները։

Անդրադառնալով թեմային՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասել է. «Այս սուբսիդավորումը մթերող կազմակերպություններին կատարվում է այն դեպքում և այն չափով, երբ նրանք գյուղացիական տնտեսություններից այս վարկային միջոցներով ձեռք են բերել տվյալ տարվա գյուղատնտեսական արտադրանքը, առավելապես՝ խաղողը։ Մենք, իհարկե, ունենք նաև վիճակագրություն և կարող ենք ասել, որ այս աջակցության շահառուները ներգրավված վարկային միջոցների 80 տոկոսից ավելին օգտագործում են խաղողի մթերումների ժամանակ։

Եվ կարևոր է, որ մենք այս որոշումը կայացնում ենք այս ամսվա ընթացքում՝ օգոստոսի սկզբին, որովհետև չնայած նրան, որ մթերումներն հիմնական ծավալով կմեկնարկեն սեպտեմբեր ամսվա ընթացքում, բայց տնտեսվարող սուբյեկտները կարող են այս կայացվող որոշման շրջանակում պլանավորել իրենց հարաբերությունները գյուղացիական տնտեսությունների հետ, նախապես կնքել այն պայմանագրերը, որով պետք է գյուղատնտեսական արտադրանքը մթերեն և դիմել կառավարության աջակցության համար»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---