ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ. Արևմուտքը թեժացնում է անկայունությունը կովկասյան տարածաշրջանում

ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ. Արևմուտքը թեժացնում է անկայունությունը կովկասյան տարածաշրջանում

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Արևմուտքը թեժացնում է անկայունությունը կովկասյան տարածաշրջանում։ Նա այդ մասին ասել է «Սոյուզնիկի․ ՕԴԿԲ» պարբերականին տված հարցազրույցում։

«Արևմուտքը թեժացնում է անկայունությունը հավաքական անվտանգության Կովկասի տարածաշրջանում։ Իրադրությունը կայուն լարված է նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ չեն նվազում Աֆղանստանից թմրանյութերի սպառնալիքի, ահաբեկչության և ծայրահեղականության տարածման ռիսկերը»,- ասել է նա։

Նա հավելել է, որ ՀԱՊԿ–ը գործում է տարածաշրջանային և գլոբալ իրավիճակի դեգրադացիայի և միջազգային հարաբերություններում ճգնաժամի ֆոնին։

«Առանցքային դերակատարները դե ֆակտո հրաժարվել են միջազգային իրավունքի ունիվերսալ նորմերից, նվազել է անվտանգության «շեմը», աճում է խնդիրներն ուժային մեթոդով լուծելու պրակտիկան, իսկ դրանց կարգավորման հեռանկարները մշուշոտ են»,–ասել է նա։

Դիվանագետը նաև խոսել է ՆԱՏՕ-ի աճող ակտիվության մասին Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ, այդ թվում՝ միջուկային ներուժ ունեցող սպառազինության համակարգերի հնարավոր տեղակայմամբ:

Վասիլևը հավելել է, որ Եվրոպայում ընդհանուր առմամբ լարվածության աննախադեպ աճ է արձանագրում։

«Ռազմավարական իրավիճակը վատթարացել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցելուց հետո»,-նշել է նա:

Նա նշել է, որ «քնած» հակամարտություններից շատերը այժմ թեժ փուլում են, իսկ որոշ հակամարտություններ վերաճել են տարածաշրջանայինի և «հաճախ կառավարվում են դրսից, այսպես կոչված պրոքսի–խաղացողների ներգրավմամբ»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին։ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ին անդամության հարցում, հավանաբար, անցել ենք անդառնալիության կետը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---