ՀԲ․ Ավելի արդար հարկերն ու կրթության ոլորտում ավելի արդյունավետ ծախսերը կխթանեն ՀՀ աճը

ՀԲ․ Ավելի արդար հարկերն ու կրթության ոլորտում ավելի արդյունավետ ծախսերը կխթանեն ՀՀ աճը

PanARMENIAN.Net - Երևանում կայացել է Համաշխարհային բանկի (ՀԲ) «Պետական ֆինանսների երկրորդ ուսումնասիրության» զեկույցի շնորհանդեսը: Ըստ Համաշխարհային բանկի նոր ուսումնասիրության ՝ ավելի արդար հարկերը և կրթության որակի ու ուսումնառության վերջնարդյունքների ուղղությամբ ներդրումներ կատարելը կարող են Հայաստանին օգնել իր եկամտային, կրթական ու կայուն զարգացման թիրախներին հասնելու գործում:

Զեկույցը «Հայաստանի պետական ֆինանսների ուսումնասիրության» երկմաս շարքի երկրորդ աշխատությունն է, որը վերլուծում է Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության տարբեր բաղադրիչների արդյունավետությունը և օպտիմալությունը, գրում է Արմենպրեսը։

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատն իր ելույթում նշել է, որ ներկայացված աշխատությունը ՀԲ-ի մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքն է, իսկ զեկույցում զետեղված են Հայաստանին առնչվող տվյալները։

«Հայաստանի հարկային ռեժիմը կարող է նպաստել գրանցված աշխատատեղերի ստեղծմանը` նվազեցնելով հարկային բեռը ցածր եկամուտ ունեցողների համար: Մեր զեկույցում նաև դիտարկվում է կրթության ոլորտը և առաջարկներ են ներկայացվում ներդրված նույն գումարի դիմաց ավելի լավ կրթական վերջնարդյունքների հասնելու ուղղությամբ»,- ասել է Գեգինատը:

Թեև Հայաստանը վերջին տարիներին բարելավել է հարկերի հավաքագրումը, և հարկ-ՀՆԱ գործակիցը 2021-2023թթ. միջինում հասել է 24%-ի, այն դեռևս չի հասնում Կառավարության ծրագրում (2021-2026) նշված 25% թիրախին:

Այս թիրախին հասնելու համար առաջարկվում է ընդլայնել ընդհանուր հարկային ռեժիմը, որպեսզի ավելի մեծ թվով բիզնեսներ համանման կերպով հարկվեն։ Ուսումնասիրությամբ առաջարկվում է նեղացնել շրջանառության հարկի ռեժիմի ծածկույթը և թույլ չտալ առանձին ոլորտներին հարկային արտոնություններ կամ հատուկ հարկեր ստանալ: Խորհուրդ է տրվում արդիականացնել միջազգային հարկային կանոնները՝ դրանք լիովին կիրառելի դարձնելով թվային տնտեսության համար: Զեկույցում նաև առաջարկվում է նախատեսել հարկային նվազեցումներ և այլ միջոցներ ցածր եկամուտ ունեցողների համար։

Զեկույցում նաև ընդգծվում է, որ չնայած հանրակրթության ոլորտում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և ընդհանուր բարելավումներին` Հայաստանը դեռևս մարտահրավերների է առերեսվում ուսման որակի, նախադպրոցական և բարձրագույն կրթության հասանելիության, ինչպես նաև ֆինանսավորման անարդյունավետության ու որակի առումներով: 2022 թ․ Հայաստանի աղքատ բնակչության շրջանում դպրոցահասակ երեխաների ընդամենը 43.4%-ն է հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություն և ընդամենը 17.2%-ն է ունեցել բարձրագույն կրթության հասանելիություն:

Ավելին, բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդհանուր ընդգրկվածության ցուցանիշը մնում է ցածր` 53%՝ ի տարբերություն համադրելի երկրների միջին 60% ցուցանիշի: ողների համար, ովքեր բարձր ծախսեր են կրում իրենց եկամուտների մասով:

Սովորողները հետ են մնում նաև իրենց ուսանածի առումով։ Թեև սովորողները մոտավորապես 11.3 տարի են անցկացնում դպրոցում, նրանք ավարտում են ընդամենը 8 տարվա օպտիմալ ուսուցմանը համարժեք գիտելիքով: Մյուս կարևոր մարտահրավերներից են որակյալ նախադպրոցական կրթության սահմանափակ հասանելիությունը, ոչ բավարար միջին մասնագիտական կրթությունը և տնտեսության նորահայտ ճյուղերում պահանջվող արդի հմտությունների պակասը:

Ըստ զեկույցի՝ Հայաստանը կարող է նշանակալի բարելավումներ կատարել` ընդլայնելով նախադպրոցական կրթության ծածկույթը, բարելավելով դասավանդման որակը, օպտիմալացնելով դպրոցների մեծությունը, ներդրում կատարելով միջին մասնագիտական կրթության ոլորտում, ավելացնելով հասցեական ֆինանսական օգնությունը ցածր եկամուտ ունեցող սովորողների բարձրագույն կրթության համար:

2023 թվականին հրապարակված ՀԲ-ի առաջին հրատարակությունը վերլուծել է Հայաստանի կապիտալ ներդրումների արդյունավետությունը և սոցիալական պաշտպանության ու առողջապահության ոլորտին կատարվող հատկացումները: Երկրորդ հրատարակությունը վերաբերում է Հայաստանի հարկային համակարգի և կրթության ոլորտում պետական ծախսերի արդյունավետությանն ու արդարացիությանը և օպտիմալացմանը: Զեկույցում ներկայացվում են քաղաքականության վերաբերյալ առաջարկներ և Հայաստանի պետական ֆինանսների օպտիմալացման ճանապարհային քարտեզ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---