Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը դատապարտել է Բաքվում հայերի անօրինական բանտարկությունը![]() 10 մարտի 2025 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել Բաքվում ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող հայերին ազատելու համար՝ զգուշացնելով, որ անգործությունը կխրախուսի հետագա բռնաճնշումները և մարդու իրավունքների խախտումները, հայտնում է Արմենպրեսը։ «Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագում Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի ներքոստորագրյալ անդամներս, վճռականորեն դատապարտում ենք Ադրբեջանի կառավարության կողմից մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումները։ Հայ բանտարկյալների, այդ թվում՝ քաղաքական գործիչների և քաղաքացիական անձանց նկատմամբ ապօրինի բանտարկությունը, ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները և քաղաքական հետապնդումները ներկայացնում են ոչ միայն հումանիտար ճգնաժամ, այլև միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։ Անհիմն մեղադրանքներով անձանց կամայական կալանավորումը, որն օգտագործվում է որպես քաղաքական բռնաճնշումների գործիք, ուղղակի հարձակում է մարդու հիմնարար իրավունքների վրա»,- նշված է խմբի հայտարարության մեջ։ Նշվում է, որ հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների շարունակվող բանտարկությունը խախտում է Ժնևի կոնվենցիաներն ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ «Այս գործողությունները, որոնք իրականացվել են և մնացել են անպատիժ, պետության կողմից արտոնված խոշտանգումներ և բռնի անհետացումներ են, որոնք նպատակ ունեն լռեցնել քաղաքական այլախոհությունը և վախ սերմանել»,- ընդգծված է հայտարարության մեջ։ Բարեկամության խումբը նշել է, որ անկախ իրավապաշտպան կազմակերպություններն ու իրավական փորձագետները փաստագրել են Բաքվում պահվող անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։ «Նրանք, ենթարկվելով դաժան խոշտանգումների, զրկված լինելով փաստաբաններից, ստիպված են եղել դիմանալ կեղծ դատավարություններին, նրանք դարձել են վայրագությունների զոհ։ Սա վնասում է Ադրբեջանի միջազգային հեղինակությանը և վտանգավոր նախադեպ է ստեղծում ավտորիտար ռեժիմների համար ամբողջ աշխարհում»,- ասված է հայտարարության մեջ։ Խմբի հայտարարությունում ընդգծվում է, որ այս խախտումները միայն առանձին դեպքեր չեն, այլ դիտավորյալ հանցագործություններ, որոնք խարխլում են մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմքերը։ «Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներին շարունակաբար որպես լծակ օգտագործելը և նրանց նկատմամբ համակարգված վատ վերաբերմունքը ռազմավարություն է՝ ապակայունացնելու տարածաշրջանային խաղաղությունն ու արդարությունը»,- նշված է փաստաթղթում։ Շվեդացի պատգամավորները նաև զգուշացրել են, որ միջազգային ուժեղ արձագանքի բացակայությունը կարող է խրախուսել հետագա չարաշահումներն ու բռնաճնշումները։ «Սա միայն դիվանագիտության խնդիր չէ, դա բարոյական և իրավական պարտավորություն է։ Միջազգային հանրությունը չի կարող ձեռքերը ծալած նստել, քանի դեռ նման դաժան անարդարությունները շարունակվում են։ Այս գործողությունները ոչ միայն հարձակում են մարդու արժանապատվության վրա, այլ նաև ուղղակի մարտահրավեր են այն սկզբունքներին, որոնք պաշտպանում են համաշխարհային կայունությունը, արդարությունը և հիմնարար իրավունքները»,- նշված է Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի հայտարարության մեջ, որտեղ շեշտվում է, որ միջազգային հանրության արձագանքը վճռորոշ կլինի արդարության և մարդու իրավունքների պահպանման գործում։ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Ադրբեջանը նրանց ձերբակալել է ապօրինի կերպով՝ առաջադրելով կեղծ մեղադրանքներ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |