Քննարկում ԱՄՆ Կոնգրեսում․ Միայն պատժամիջոցները կարող են ազդել Ադրբեջանի վրա

Քննարկում ԱՄՆ Կոնգրեսում․ Միայն պատժամիջոցները կարող են ազդել Ադրբեջանի վրա

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի մարդու իրավունքների հանձնաժողովում անցկացված լսումներն անդրադարձ են կատարել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին՝ COP29 համաժողովից հետո։

Հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթի նախագահությամբ կազմակերպված քննարկմանը ելույթ են ունեցել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբան Ջարեդ Գենսերը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի՝ Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով ավագ տնօրեն Միրիամ Լանսկոյը, ինչպես նաև Freedom Now կազմակերպության գործադիր տնօրեն Անդրեա Պրասոուն, հայտնում է Aravot.am-ը։

Բանախոսները մանրամասն տեղեկություններ են ներկայացրել ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման գործողությունների, բռնությունների, Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինչպես նաև լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների ու ադրբեջանցի քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող ճնշումների և խոշտանգումների մասին։

Նրանց բոլորի կողմից հնչեցվել է կոչ ԱՄՆ-ի իշխանություններին՝ կիրառել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։

«Կոչ եմ անում ԱՄՆ Կոնգրեսին թիրախավորված պատժամիջոցներ կիրառել այդ զանգվածային դաժանությունների համար պատասխանատու բոլոր անհատների և Ադրբեջանի պաշտոնյաների դեմ»,-նշել է Արտակ Բեգլարյանը՝ առաջարկելով, մասնավորապես, դադարեցնել Ադրբեջանի նկատմամբ ցանկացած ռազմական օժանդակություն կամ մատակարարում, ինչպես նաև երկրի աջակցությունը կապել մարդու իրավունքների ոլորտում իրական առաջընթացի, այդ թվում՝ հայ գերիների ազատ արձակման հետ։

Ջարեդ Գենսերը ընդգծել է, որ բռնապետական համակարգերը սովորաբար չեն արձագանքում բարեկամական հորդորներին, ուստի կարևորել է Միացյալ Նահանգների նոր վարչակազմի, Կոնգրեսի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների համատեղ ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա։

«Ալիևը շրջել է ճշմարտությունը ոչ միայն Ռուբեն Վարդանյանին բանտարկելու, այլ նաև մի ողջ ժողովրդի էթնիկ զտումը արդարացնելու համար: Մեր բոլորի պարտքն է կանգնել անարդար կերպով կալանավորվածների կողքին և պատասխանատվության ենթարկել Ալիևին՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ ժողովրդավարական հասարակությունում առկա բոլոր այլ միջոցներով»,-ասել է Գենսերը։

Անդրեա Պրասոուն էլ իր ելույթում զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը և դաշնակից երկրները չցուցաբերեն ավելի կոշտ դիրքորոշում, ապա Ադրբեջանը կշարունակի մարդու իրավունքների խախտումները՝ մնալով անպատիժ։ Նա ևս կարևոր է համարել պատժամիջոցների կիրառումը, ներառյալ ճանապարհորդական և ֆինանսական սահմանափակումների միջոցով։

Քրիս Սմիթը լսումները համարել է օգտակար ու արդիական՝ նշելով, որ մասնակիցների վկայությունները փոխանցվելու են Կոնգրեսի ղեկավարներին և բոլոր անդամներին։ Նա հույս է հայտնել, որ դրանք հիմք կդառնան պատժամիջոցների հաստատման համար։

«Մենք ունենք պատժամիջոցներ, օրինակ, «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցները»: Պետք է վերլուծություն արվի, և այդ պատժամիջոցները պետք է տարածվեն բոլոր իրավախախտների վրա՝ ներառյալ Ադրբեջանում: Հուսով եմ, որ նոր վարչակազմը կվերցնի այս գնդակը, որն իր դաշտում է»,-ասել է նա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---