ՀՅԴ ներկայացուցիչը՝ Ստամբուլում․ Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով դատում է հայ գերիներին

ՀՅԴ ներկայացուցիչը՝ Ստամբուլում․ Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով դատում է հայ գերիներին

PanARMENIAN.Net - Սոցիալիստ ինտերնացիոնալի ժողովներում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը Ստամբուլում ԸՄ նախագահության խորհրդի նիստում ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումներին և հայ գերիների հանդեպ անօրինական վարքագծին։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով դատում է հայ գերիներին, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

Մայիսի 24-ին կայացած խորհրդի նիստում, որի օրակարգում ընդգրկված է եղել «Բռնության և բախումների հաղթահարումը, քաղաքացիական անձանց պաշտպանությունը» թեման, Մարիո Նալբանդյանը ներկայացել է ելույթով։

Նրա խոսքում շեշտադրվել է, որ ժամանակակից աշխարհում միջազգային նորմերը և օրենքները հաճախ շրջանցվում են՝ ուժը վեր դասելով իրավունքի վերադասությունից։ Նա մատնանշել է, որ սա հետ-օրինականության դարաշրջան է, որտեղ թե՛ պետության ներսում, թե՛ միջազգային հարթակում անտեսվում են իրավական հիմքերը։

Նալբանդյանը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն 2023-ի վերջին ամիսներին բարձրաձայնել է ցեղասպանության սպառնալիքի տակ գտնվող մի շարք ժողովուրդների մասին, որոնց թվում են նաև Արցախում ապրող հայերը։ ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի ստորագրումից 75 տարի անց, ըստ Նալբանդյանի՝ միջազգային հանրությունը չի արձագանքել այս վտանգներին։

«Ադրբեջանի կողմից, որը անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ երաշխավորելու բնիկ ժողովրդի իրավունքները և նրանց արժանապատիվ, անվտանգ և հավաքական վերադարձը։ Ավելին՝ խախտելով միջազգային իրավունքը, Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ գերիներին և կեղծ մեղադրանքներով դատում է նրանց, այդ թվում՝ Արցախի ղեկավարներին, որոնց շարքում է մեր, ձեր ընկեր Դավիթ Իշխանյանը, որին ծանոթացաք և լսեցիք այս կազմակերպության 2022 թ․ Կոնգրեսի ժամանակ։ Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է հայ ժողովրդի կրոնական և մշակութային ժառանգությունը և հուշակոթողները»,–ասել է նա։

Նա նաև ընդգծել է, որ ժողովում տարբեր ելույթների ժամանակ հիշատակվել են իսրայելական, բելառուսական և ադրբեջանական ղեկավարներ՝ որպես ներկա ժամանակների վտանգավոր օրինակներ։

Նալբանդյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ նշելով, որ չնայած խաղաղության գործընթացին՝ Թուրքիան շարունակում է նախապայմաններ դնել։ Նա շեշտել է, որ 1991 թվականից ի վեր Հայաստանը ցուցաբերել է պատրաստակամություն Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական կապեր հաստատելու համար, սակայն Թուրքիան մերժել է այդ առաջարկները։

Նրա խոսքով՝ եթե Թուրքիան անկեղծորեն ցանկանում է նպաստել տարածաշրջանային արդար ու կայուն խաղաղությանը, ապա պետք է ընդունի իր պատասխանատվությունը 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության իրագործման հարցում։

«Պարտադրված խաղաղությունը ո՛չ արդար է, ո՛չ էլ՝ կայուն և տևական»,–ասել է նա։

Մարիո Նալբանդյանը մայիսի 23-25-ը Ստամբուլում մասնակցել է ԸՄ նախագահության, ֆինանսական ու կազմակերպական հանձնաժողովների և խորհրդի նիստերին։ Այս հավաքներին մասնակցել են ավելի քան 100 երկրներից 132 կուսակցություններ ներկայացնող պատվիրակներ։ Ժողովների հյուրընկալողը եղել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), իսկ նիստերը վարել է Իսպանիայի վարչապետ և ԸՄ նախագահ Պեդրո Սանչեսը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---