Արցախի Եմիշճան գյուղում ավերվել է Մեծ հայրենականին նվիրված հուշարձանը

Արցախի Եմիշճան գյուղում ավերվել է Մեծ հայրենականին նվիրված հուշարձանը

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին հայտնի է դարձել, որ ադրբեջանցիներն ավերել են Մարտունու շրջանիԵմիշճան գյուղում գտնվող Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանը։ Տեղեկությունը տարածվել է Արարատ Պետրոսյանի (ararathau) տելեգրամյան ալիքի միջոցով։ Այդ մասին հայտնել է Արցախի տարածքում մշակութային ժառանգության դիտարկմամբ զբաղվող Monument Watch կայքը։

Ըստ կայքի՝ վերջին շրջանում հատկապես Մայիսի 9-ին՝ Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակի նախաշեմին և դրանից հետո, նման հուշակոթողների ոչնչացման դեպքերը զգալիորեն ակտիվացել են։

Արցախի տարբեր շրջաններում արդեն ոչնչացված են Հայրենական Մեծ պատերազմին նվիրված մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ Շուշիում գտնվող համալիրը, ինչպես նաև Հադրութի և Հակակու գյուղերի զոհվածների հիշատակին նվիրված կառույցները։ Բացի այդ, ավերված են Գետավանի հուշակոթողը, Ազատամարտիկների միության շենքը, ինչպես նաև Ուխտաձոր գյուղի Արցախյան ազատամարտին նվիրված խաչքարը։

Վնասի են ենթարկվել նաև հայ հերոսներին նվիրված հուշակոթողները. Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին ու «ՄԻԳ-17» կործանիչը, իսկ Ստեփանակերտում՝ Խորհրդային Միության նավատորմի հայ ծովակալ, ռազմական տեսաբան, Սովետական Միության հերոս Իվան Իսակովի կիսանդրին։

Այս գործողությունները կոպիտ կերպով խախտում են 1954 թվականի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը և դրա 1999 թվականի լրացուցիչ Երկրորդ արձանագրությունը։

Միաժամանակ, հուշարձանների ոչնչացումը հակասում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոններին։ Կարևորվում է այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանն արձանագրել է՝ օկուպացված տարածքներում կիրառվող իրավական նորմերը, այդ թվում՝ մշակութային ժառանգության պաշտպանության դրույթները, ստացել են միջազգային սովորութային իրավունքի կարգավիճակ, և բոլոր պետություններն այդ դրույթների նկատմամբ ունեն պարտադիր ենթակայություն։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականին Փարիզում տեղի ունեցած Գլխավոր կոնֆերանսի 33-րդ նստաշրջանը ընդունել է «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագիրը», որն արգելում է նման վարքագիծ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---