Հաստատվել է Իջևանում ինտենսիվ այգեգործության ծրագիրը

Հաստատվել է Իջևանում ինտենսիվ այգեգործության ծրագիրը

PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը, որը կիրականացվի 2025-2026 թթ.՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում։

Իջևանի բնակիչները հնարավորություն կունենան ավանդական տնկարկները փոխարինել բարձր արդյունավետ ինտենսիվ այգիներով՝ պետական ֆինանսավորմամբ։

Ծրագրին կարող են միանալ այն հողօգտագործողները, ովքեր ունեն առնվազն 100 քմ մակերեսով ամբողջական տնամերձ հողատարածք, որն արդեն մաքրված է ծառերից կամ ենթակա է մաքրման՝ նոր այգի հիմնելու նպատակով, հայտնում է Panorama.am-ը։

«Նախագծի ընդունումը նպատակաուղված է Տավուշի մարզի Իջևան համայնքի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ տնկիներով այգեհիմնման, ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, Իջևան համայնքում այգեգործական կլաստերներ ձևավորելու անհրաժեշտությամբ»,– կառավարության նիստի ընթացքում հայտնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Արման Խոջոյանը պարզաբանել է, որ մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել համայնքի ղեկավարին մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը և կնքել համապատասխան պայմանագիր։

«Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետևյալ համամասնությամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ 95%, համայնք կամ շահառու՝ 5%»,– նշել է նա։

Ծրագրի շրջանակում 1000 քմ տնամերձ հողամասի հաշվով գնահատման և այգեհիմնման ծախսը գնահատվում է մոտ 2.0-2.2 մլն դրամ: Շահառուները 1000 քմ տնամերձ հողամասի հաշվով այգեհիմնումից հետո լիարժեք բերքատվության անցնելուց դեպքում կստանան տարեկան մոտ 3 տ համախառն բերք՝ շուրջ 2 մլն դրամ հասույթով։

Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Չափազանցություն չեմ համարի, եթե ասեմ՝ սա հեղափոխական ծրագիր է և այն հիմնված է ակնհայտ դիտարկումների վրա, որ Հայաստանը տնամերձ հողամասերի գոնե կեսը չի տալիս ցանկալի արդյունք: Եվ սա խնդիր է թե՛ տնամերձերի տերերի, թե՛ երկրի տնտեսության տեսակետից»:

Ծրագրի ավարտական մոնիթորինգի իրականացումը կվերապահվի համայնքին, որում պարտադիր կներգրավվեն մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---