Հյուրընկալության ոլորտի զարգացմանն ուղղված մասնագիտական քննարկումներ․ Կայացել է HIF 2025 երևանյան ֆորումը![]() 19 հունիսի 2025 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Երևանը հյուրընկալել էր Hospitality Investment Forum Yerevan 2025-ը (HIF) միջազգային ներդրումային ֆորումը` մեկ հարկի տակ համախմբելով առաջատար հյուրանոցային բրենդերին, ներդրումային ֆոնդերին և ֆինանսական կառույցներին: Ֆորումի նպատակն էր խթանել Հայաստանի հյուրընկալության ներուժի բացահայտումը և նպաստել այս ուղղությամբ տնտեսական ակտիվության բարձրացմանը: Ֆորումի շրջանակում տեղի են ունեցել բովանդակային պանելային քննարկումներ, որոնք արծարծել են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը, միջազգային ծրագրերի ներդրումն ու պետական ֆինանսական աջակցման մեխանիզմների ակտիվ օգտագործումը: Քննարկումների մասնակիցները նշել են, որ բոլոր թվարկվածներն էլ կարևոր նախապայման են ներդրումային հոսքերի խթանման և ոլորտում նորարարական լուծումների իրականացման համար։ Ֆորումի ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացել ներդրումային միջավայրի բարելավման հարցը, մասնավորապես՝ վստահելի և կանխատեսելի կարգավորման համակարգերի ներդրման անհրաժեշտությունը, որոնք ներդրողների համար կապահովեն հստակություն և վստահություն: Այս համատեքստում ընդգծվել է նաև ֆինանսական ոլորտի դերակատարության կարևորությունը։ «Ներդրումների նոր հնարավորությունների բացահայտում հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում» թեմայով պանելային քննարկման մասնակիցները ներկայացրել են մի շարք միջազգային հաջողված օրինակներ, որոնք կարող են ադապտացվել տեղական պայմաններին՝ նպաստելով ներդրումային միջավայրի զարգացմանը և նոր հնարավորությունների բացահայտմանը։ «Հուսալի և թափանցիկ ներդրումային միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ են պետական և մասնավոր ոլորտի միասնական, համակարգված ջանքեր։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է մշակել և իրականացնել հստակ ոլորտային ռազմավարություն, որը կհամապատասխանի ժամանակակից միջազգային չափանիշներին և կարտացոլի տեղական շուկայի առանձնահատկությունները։ Միաժամանակ, կարևոր է կիրառել արդյունավետ գործիքակազմ, որը հնարավորություն կտա հեշտացնել ներդրումային գործընթացները և ապահովել խելամիտ, կանխատեսելի կանոնակարգում։ Այս համադրված մոտեցումը ոչ միայն կնպաստի ներդրողների վստահության բարձրացմանը, այլև կխթանի տեղական բիզնեսի զարգացումը՝ ստեղծելով երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի հիմքեր»,- իր խոսքում նշել է Ֆորումի գլխավոր գործընկեր Ամերիաբանկի Կորպորատիվ վաճառքների և հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանը: «Հայաստանը մեծ ներուժ ունի, և եթե ամեն ինչ ճիշտ արվի, վստահ եմ՝ այն կարող է դառնալ ոչ միայն զբոսաշրջության, այլև անշարժ գույքի ոլորտում տարածաշրջանային առաջատար հարթակ»,- իր հերթին նշել է Զբոսաշրջության համաշխարհային ֆորումի ինստիտուտի նախագահ Բուլութ Բագչին։ Նույն պանելային քննարկմանը մասնակցել են նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հայաստանի գրասենյակի ղեկավար Արման Բարխուդարյանը, որոնք իրենց խոսքում առանձնակի շեշտել են նաև ESG չափանիշների կիրառման կարևորությունը՝ որպես ներդրումային ռիսկերը նվազեցնելու, երկարաժամկետ կայունություն ապահովելու և սոցիալական ու էկոլոգիական պատասխանատու գործելակերպ խթանելու ևս մեկ կարևոր գործիք։ Նրանք համակարծիք էին, որ շրջակա միջավայրի, սոցիալական պատասխանատվության և կառավարման գործոնների արդյունավետ համադրումը նպաստում է ոչ միայն ռիսկերի նվազեցմանը, այլև տնտեսական մոդելի սոցիալապես և էկոլոգիապես կայուն զարգացմանը։ Կազմակերպիչների խոսքով` ֆորումը նպաստել է նոր ռազմավարական գործընկերությունների ձևավորմանը, որոնք, վստահաբար, կխթանեն հյուրընկալության ոլորտում Հայաստանի ներդրումային մշակույթի ձևավորումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |