Մետրոյի «Աջափնյակ» կայարանի համար նախատեսված գումարի մի մասով 45 տրոլեյբուս են գնել![]() 23 դեկտեմբերի 2025 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսված ֆինանսական միջոցների մի մասն օգտագործվել է 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման նպատակով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու նիստում ասել է, որ «Աջափնյակ» կայարանի նախագիծը մեր նորանկախ շրջանի ամենաբարդ ենթակառուցվածքային նախաձեռնություններից է և դասվում է 5-րդ ռիսկայնության կարգում։ Ըստ նրա՝ միայն դրա փորձաքննությունը տևել է մոտ մեկ տարի, հայտնում է «Փաստինֆոն»։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը նշել է, որ 2025 թվականի բյուջեով ի սկզբանե այս նախագծի համար նախատեսված էր 9.6 միլիարդ դրամ, սակայն ճշգրտումներից հետո գումարը կրճատվել է մինչև 1.6 միլիարդ, իսկ 2026 թվականի բյուջեով քաղաքապետարանը նախատեսում է հատկացնել ևս 2 միլիարդ դրամ։ Ավինյանը պարզաբանել է, որ այդ միջոցների զգալի մասը ուղղվել է տրանսպորտային ոլորտի արդիականացմանը՝ մասնավորապես՝ 45 նոր 12 մետրանոց տրոլեյբուսի գնմանը։ «Քանի որ տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, դրանց էական մասն ուղղվել է 45 տրոլեյբուսի գնմանը։ Հաջորդ տարի ապրիլ-մայիսին կունենանք 45 նոր տրոլեյբուս Երևանում։ Ինչ վերաբերում է հաջորդ տարվա գումարին, դրա տրամաբանությունը հետևյալն է. անհրաժեշտ է կառավարության առանձին որոշում՝ մետրոպոլիտենի կառուցման մրցույթի շրջանակներում հատուկ պայմաններ ավելացնելու համար, քանի որ ծավալը շատ մեծ է, և ստանդարտ ընթացակարգով կոշտ կառավարման խնդիր կլինի կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից։ 2 միլիարդը նախատեսված է առաջին հերթին տեխնիկական վերահսկողի մրցույթի և որոշ չափով այլ գործառույթների իրականացման համար»,–ասել է Ավինյանը։ Քաղաքապետը նաև նշել է, որ նախատեսվում է մետրոպոլիտենի նոր հանգույցի կառուցում, որը, ըստ հաշվարկների, կբերի ուղևորահոսքի 22–25 տոկոս աճի։ Սեպտեմբերի 18–ին Ավինյանը հայտարարել էր, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, և շինարարական աշխատանքները կարող են սկսվել 2026-ին։ Երևանի մետրոյի զարգացման ու նոր կայարանի կառուցման նախագիծ մշակելու մասին քաղաքապետարանը հայտարարել է դեռևս 2018–ին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |