Amnesty International․ Ադրբեջանը չի ապահովել ԼՂ հակամարտությունից տուժած անձանց պաշտպանությունը![]() 21 ապրիլի 2026 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ապրիլի 21-ին հրապարակված տարեկան զեկույցում նշվել են Բաքվի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները։ Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կարողացել ապահովել պատասխանատվության ենթարկումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց պաշտպանությունը։ 2025-ի հոկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին տրամադրել տեղեկատվություն 23 հայ բանտարկյալների կալանքի և առողջական պայմանների վերաբերյալ, որոնցից ութը Լեռնային Ղարաբաղում նախկին պաշտոնյաներ են, հայտնում է Factor.am-ը: Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակել են ճնշել այլախոհության տարբեր դրսևորումները, իսկ հարյուրավոր մարդիկ պահվում են կալանքի տակ՝ անհիմն և քաղաքական շարժառիթներով։ Ըստ զեկույցի՝ անկախ հասարակական կազմակերպություններն ու խմբերը բախվել են խիստ սահմանափակումների, իսկ խաղաղ բողոքի ցույցերը ճնշվել են։ Արձանագրվել է, որ խոշտանգումները և վատ վերաբերմունքը, ինչպես նաև դրանց համար պատասխանատվության բացակայությունը, լայնորեն տարածված են մնացել։ Նշվել է նաև, որ կանայք և ԼԳԲՏ անձինք շարունակել են ենթարկվել խտրականության, սեռական բռնության և ոտնձգությունների։ Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև մեդիա դաշտին՝ նշելով, որ «ԶԼՄ-ների մասին» օրենքում 2022 թվականին կատարված փոփոխությունները իշխանություններին հնարավորություն են տվել սահմանափակել անկախ լրատվամիջոցների գործունեությունը և արգելափակել կայքեր։ Մասնավորապես հիշատակվել է BBC-ի ադրբեջանական ծառայության և «Թուրան» գործակալության գործունեության դադարեցումը։ Նշվել է, որ մոտ 30 լրագրող գտնվում է կալանքի տակ, իսկ բազմաթիվ լրագրողների և ակտիվիստների արգելվել է լքել երկիրը։ Փաստաթղթում քննադատվել են նաև բանտերում պահման պայմանները՝ նշելով, որ կալանավորները երկար ժամանակ պահվում են մենախցերում, ենթարկվում սպառնալիքների և զրկված են բժշկական օգնությունից։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |