Լիբանանի նախագահ․ Հայոց ցեղասպանությունը բաց վերք է մարդկության խղճի վրա

Լիբանանի նախագահ․ Հայոց ցեղասպանությունը բաց վերք է մարդկության խղճի վրա

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը բաց վերք է մարդկության խղճի վրա, ասվում է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի ուղերձում՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ:

«Խորը ցավով եմ հիշում այդ մարդկային ողբերգությունը, որը բաց վերք է դարձել մարդկության խղճի վրա, և վերահաստատում եմ իմ անսասան նվիրվածությունն արդարության, ճշմարտության և մարդկային արժանապատվության արժեքներին», - նշել է նախագահ Աունը, հայտնում է Արմենպրեսը Լիբանանի նախագահական գրասենյակի վրա հղումով:

Նա հավելել է, որ իր հիմնադրումից ի վեր Լիբանանը եղել է անվտանգ վայր երկրի սահմաններում ապաստան փնտրող հայերի համար և նրանց դարձրել է ազգային կառուցվածքի անբաժանելի մասը։

«Հայկական ծագումով լիբանանցիները երբեք հյուր չեն եղել այս երկրում, այլ իսկական գործընկերներ են եղել նրա կառուցման, տոկունության և բարգավաճման գործում։ Նրանք իրենց ներդրումն են ունեցել տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև մշակույթ, արդյունաբերությունից մինչև արվեստ, քաղաքականությունից մինչև կրթություն՝ հստակ հետք թողնելով ժամանակակից Լիբանանի պատմության վրա», - նշված է հաղորդագրության մեջ։

Աունը նաև բարձր է գնահատել հայ ժողովրդի տոկունությունն ու ինքնության պահպանման հաստատակամությունը:

«Այս առիթով ես ողջունում եմ հայ ժողովրդի տոկունությունը և նրանց անսասանությունը՝ պահպանելու իր ինքնությունն ու հիշողությունը։ Ես հաստատում եմ, որ այս տարելիցի հիշատակումը ոչ միայն անցյալի հիշողություն է, այլև նոր կոչ՝ մերժելու անարդարությունը, որտեղ էլ որ այն լինի, և աշխատելու ավելի արդար և մարդկային աշխարհի համար», - նշել է նախագահը։

Նա նաև վերահաստատել է, որ Լիբանանը շարունակելու է հավատարիմ մնալ ազատության և բազմակարծության սկզբունքներին՝ ընդգծելով, որ հիշողությունն ունի կարևոր դեր՝ նման ողբերգությունների կրկնությունը կանխելու գործում։

«Եկեք այս հիշողությունից քաղենք մեր ազգային միասնությունն ամրապնդելու, մարդկային արժանապատվությունը պաշտպանելու և մեր նախնիների զոհողություններին և ապագա սերունդների հույսերին արժանի ապագա կառուցելու վճռականությունը», - հավելել է նա։

2000 թվականի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---