
Ռուսաստանում «Ազնիվ նշան» («Честный знак») մակնշման համակարգը, «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ, արգելափակել է Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1.1 միլիոն շշի վաճառքը, գրում է ՌԲԿ-ն «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայության վրա հղումով:
Սահմանափակումները կիրառվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը թողարկված նոր խմբաքանակների ստուգումների արդյունքներով։
«Ռոսպոտրեբնադզորը» հայտնել է, որ նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ։ Միջոցառումները նպատակ են ունեցել կանխել քաղաքացիների կյանքի և առողջության համար հնարավոր վնասը։ Արգելափակման տակ են հայտնվել արտադրության ինը տարբեր ամսաթվերի խմբաքանակներ՝ տարբեր տարաների մեջ։
«Մակնշման համակարգը հանդես է գալիս որպես սպառողների պաշտպանության հուսալի թվային մեխանիզմ։ Կարգավորող մարմնի հարցումը ստանալուց հետո, մենք օպերատիվորեն կասեցրել ենք յուրաքանչյուր միավոր ապրանքի վաճառքն ամբողջ երկրում՝ գնորդները պարզապես չեն կարողանա ձեռք բերել պոտենցիալ վտանգավոր ապրանք։ Համակարգը տեսնում է շուկայի ամբողջ կառուցվածքը՝ արտադրությունից մինչև վաճառք՝ դա մեզ թույլ է տալիս ակնթարթորեն մեկուսացնել խախտումներով ապրանքները և ապահովել, որ վաճառքի դուրս գա միայն անվտանգ և ստուգված արտադրանքը», — պարզաբանել է գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը։
Ավելի վաղ՝ ապրիլի 27-ին, արդեն դադարեցվել էր «Ջերմուկի» 338 հազար շշի վաճառքը, ինչի արդյունքում սահմանափակման տակ հայտնված արտադրանքի ընդհանուր ծավալը հասել է 1․4 միլիոն միավորի։ Մինչ լրացուցիչ ստուգումների ավարտը և համապատասխան թույլտվություն ստանալը արտադրանքը չի թույլատրվել վաճառքի։
Հաջորդ օրը «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցրել է նաև Հայաստանից «Ջերմուկ» ջրի առանձին խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը այն բանից հետո, երբ նմուշներում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում, ինչը չի համապատասխանել մակնշմանը և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Կառույցում նշել են, որ դա կարող է մոլորեցնել սպառողներին և բացասաբար անդրադառնալ առողջության վրա։
2024 թվականին ևս մակնշման համակարգը դադարեցրել է 2,5 միլիոն շշի վաճառքն այն բանից հետո, երբ Հյուսիսային Օսիայի բնակիչը թունավորվել էր «Ջերմուկի» շշից խմելուց հետո․ հայտարարվել էր, որ շշի մեջ հանքային ջրի փոխարեն հայտնաբերվել է քացախաթթու։ Այդպիսի միայն մեկ դեպք էր գրանցվել: