Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից. «Ադրբեջանցի պաշտոնյաները հասկացնում էին՝ դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանա ՀՀ իշխանությունը»![]() 27 մայիսի 2026 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ռազմական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել՝ նշելով, որ մայիսի 26-ին Բաքվի վերաքննիչ դատարանում սկսվել է իրենց բողոքների քննության նախնական դատական նիստը։ «Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանի վճիռը բողոքարկել ենք, հունիսի 2-ին նշանակված է առաջին դատական նիստը։ «Խաղաղություն և դատավարություն»՝ շատ յուրահատուկ է։ Ամբողջապես գրաքննվող, վերահսկվող, հաշվեհարդարի դատավարություն է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Երեկ կարևոր պաշտպաններից մեկն իր խոսքի ընթացքում պոռթկաց՝ ասելով՝ մենք սերունդների առջև ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար։ Տրագիկոմեդիա է։ Դատավարությունը ձգձգվող և քաղաքական գործընթացներին համապատասխանեցնող դատավարություն է։ Դեռ 2024թ․ հունվարի-փետրվար ամիսներին, երբ մեզ հետ շփվում էին անհատ պաշտոնյաները, մեզ հուշում էին, անուղղակիորեն հասկացնում էին, որ դուք այստեղ եք այնքան, ինչքան Հայաստանի իշխանությունները ցանկանան։ Մենք զարմանում էինք՝ ինչպե՞ս կարող է այդպես լինել, ինչպե՞ս մեր հայրենի իշխանությունները չէին ցանկանա, որ մենք վերադառնանք անմիջականորեն։ Բայց այսօրվա տեսանկյունից ամեն ինչ պարզ է և հասկանալի, որ, ցավոք, այդպես է։ 3 տարի է՝ մենք այստեղ ենք, պիտի ասեմ՝ ո՛չ սկզբունքայնությունը, ո՛չ ողջախոհությունը, ո՛չ ոգու և կամքի ուժը մեզ չեն լքել ու չեն դավաճանել։ Այսուհետև այդպես է լինելու։ Մենք շարունակելու ենք մեր ընդհանուր որդեգրած գիծը»,-ասել է Իշխանյանը: Առիթն օգտագործելով՝ նա շնորհավորել է հայ ժողովրդին Մայիսի 28-ի առիթով՝ ցանկանալով ոգու, կամքի և միասնության ուժ: Մայիսի 26-ին Բաքվում մեկնարկում է հայ գերիների շինծու գործերով բողոքի քննությունը: Վերաքննիչ բողոքի հիման վրա վարույթ է ընդունվել Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և մյուսների վերաբերյալ դատավճռի գործը։ Գործը քննվելու է Բաքվի վերաքննիչ դատարանում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |