Գալուզին. ՀՀ-ն արդեն գործնական քայլեր է ձեռնարկում ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ

Գալուզին. ՀՀ-ն արդեն գործնական քայլեր է ձեռնարկում ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Եվրամիությանը ՀՀ անդամակցության գործընթացն արդեն սկսվել է՝ երկրում ընդունվել է համապատասխան օրենք, ուստի, այլ մեկնաբանության լինել չի կարող, հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

Նա հավելել է, որ Երևանն արդեն գործնական քայլեր է ձեռնարկում ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Անցյալ տարվա ապրիլին Հայաստանում ընդունված օրենքը կոչվում է «Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին»։ Էլ ի՞նչ է պետք, որպեսզի արձանագրենք, որ Եվրոպական միությանը ՀՀ անդամակցության գործընթացը սկսվել է. այս թեմայով հատուկ օրենք է ընդունվել։ Այստեղ ես որևէ այլ մեկնաբանություն չեմ տեսնում», -ասել է նա RTVI-ին տված հարցազրույցում:

Գալուզինը նշել է, որ նման «եվրոասպիրանտները», որոնք արդեն տասնյակ տարիներ սպասում են իրենց հերթին, քիչ չեն։

«Ընդհանուր առմամբ, այն հարցը, թե կոնկրետ ինչ գործողություններ են ձեռնարկվել, սկզբունքային նշանակություն չունի: կզբունքային նշանակություն ունի այն, որ կա խորհրդարանի կողմից ընդունված և երկրի նախագահի ստորագրած օրենք, ինչպես նաև կան Հայաստանի և Եվրամիության մերձեցման ուղղությամբ իրականացվող գործնական քայլեր»,-ասել է նա:

Գալուզինն անդրադարձել է նաև ՀՀ-ում տեղակայված ռազմաբազային՝ նշելով, որ ռուսական ռազմակայանի կարգավիճակի վերանայման ազդակներ Երևանից չեն ստացել:

«Հայկական կողմից պաշտոնական մակարդակով հայտարարվում է, որ Երևանը չի քննարկում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործունեությունը դադարեցնելու հարցը։ Վստահ ենք, որ այդ ռազմաբազան Հայաստանի, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հիմնարար տարրերից մեկն է», - նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր և արևմտամետ որոշ հասարակական կազմակերպություններ փորձում են վարկաբեկել Ռուսաստանի ռազմական ներկայությունը՝ այն ներկայացնելով գրեթե որպես օկուպացիայի գործիք կամ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքի ու մեկուսացվածության դրսևորում, սակայն, Գալուզինի համոզմամբ, այդ բոլոր փորձերն ապարդյուն են, քանի որ բախվում են տեղի բնակչության բարեկամական վերաբերմունքին ռուսական ռազմաբազայի նկատմամբ։

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան գործում է 1995 թվականին Մոսկվայի և Երևանի միջև ստորագրված միջպետական պայմանագրով, որն ուժի մեջ է մինչև 2044 թվականը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---