Բնապահպանության երեւանյան տոնը մոտեցավ իր ավարտին

PanARMENIAN.Net - Հոկտմբերի 25-29-ը մեկնարկած «Արեւորդի» արդեն միջազգային փառատոնը չորս օր շարունակ բնապահպանական ֆիլմերի ու բազմաթիվ միջոցառումների տոնակատարության էր վերածել մայրաքաղաքի առօրյան: Ինչպես ֆիլմերը, այնպես էլ միջոցառումները նախատեսված էին հասարակության բոլոր շերտերի համար` երեխաներից, երիտասարդներից սկսած մինչեւ բիզնես ոլորտ ու գործարարներ: Ամբողջ աշխարհից բազմաթիվ հյուրեր` ռեժիսորներ, արվեստագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ճանաչված բնապահպաններ, մասնակցեցին փառատոնին:



Փառատոնի մեկնարկը ազդարարող դիմակահանդես-քայլերթը, Էկո-Էքսպո-ն, ցուցահանդեսները, պատանիների համար նախատեսված դասընթացները, սեմինար քննարկումները (Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն), հասարակական քննարկումները կլիմայական փոփոխությունների, թափոնների վերամշակման ու ջրի խնդիրների մասին, հյուրերի ընդունելությունները տարբեր դեսպանատներում ու քաղաքապետարանում, ինչպես նաեւ ֆիլմերի ցուցադրությունները մի շարք ցուցասրահներում հնարավորություն տվեցին տասնյակ հազարավոր մարդկանց մի քանի օրերի ընթացքում ներգրավվել բնապահապանական միջոցառումներին:



Այս տարի փառատոնի մրցանակաբաշխությունը բազմազան է. նախ մրցանակներ կհանձնվեն Կանաչ սերունդ Հայաստան քարոզարշավի շրջանակում կազմակերպված համահայկական նկարչական մրցույթի հաղթող մասնակիցներին: Մրցանակներ կշնորհվեն նաեւ դիմակահանդեսի մասնակից հաղթող խմբերին: Կպարգեւատրվեն դիմակահանդեսի մասնակից խմբերը լավագույն բնապահպանական զգեստ, ամենազդեցիկ ահազանգ եւ մյուս անվանակարգերում եւ Մշակույթի նախարարությունը կշնորհի մրցանակ լավագույն երաժշտական խումբ անվանակարգում:



Փառատոնի փակման արարողության ժամանակ մանկական ֆիլմերի եւ հիմնական ծրագրերի ժյուրիի նախագահները կհայտարարեն հաղթող ֆիլմերի անուններն ու կհանձնեն մրցանակները: Հիմնական մրցութային ծրագրում ժյուրին մրցանակ կհանձնի վայրի բնության մասին լավագույն ֆիլմ, բնապահպանական խնդրի լավագույն հետազոտություն անվանակարգերում: Մանկական մրցութային ծրագրի ժյուրին մրցանակ կհանձնի լավագույն բնապահպանական կրթական ֆիլմ եւ 16-ից ցածր տարիքի ռեժիսորի հեղինակած լավագույն բնապահպանական ֆիլմ անվանակարգերում:



Տեղեկատվական ծրագրում կշնորհվի ԵԱՀԿ կողմից սահմանված Հանդիսատեսի մրցանակը: Այս տարի առաջին անգամ «Արեւորդի» փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն ունենցավ որոշելու հաղթող ֆիլմը եւ ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսը կշնորհի Հանդիսատեսի մրցանակը: Մրցանակաբաշխությունից հետո ռեժիսոր Ալի Հաբաշին կներկայացնի փակման` «Մեկ ջուր» ֆիլմը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---