Բուդապեշտում եւ Վիեննայում տեղի ունեցավ Բոլոնիայի գործընթացի 10-ամյակին նվիրված համաժողով

Բուդապեշտում եւ Վիեննայում տեղի ունեցավ Բոլոնիայի գործընթացի 10-ամյակին նվիրված համաժողով

PanARMENIAN.Net - Օրերս Բուդապեշտում եւ Վիեննայում տեղի ունեցավ համաժողով` նվիրված Բոլոնիայի գործընթացի 10-ամյակին: Համաժողովին մասնակցում էին 47 երկրների պատվիրակություններ` գիտության եւ կրթության նախարարների գլխավորությամբ: Համաժողովի նպատակն էր` հիմնել Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջան, որը նախատեսված էր 1999 թ. Բոլոնիայի հրամանագրով:

«Համաժողովը ցույց տվեց, որ հաջողվել է ստեղծել Եվրոպական կրթության տարածաշրջան: Բոլոնիայի գործընթացը ներառում է մի քանի կարեւոր տարրեր, այդ թվում` կրթության համընդհանուր համակարգ եւ տարածաշրջան, քաղաքական եւ սոցիալական իմաստ: Քաղաքական, սոցիալական, տնտեսական առումով միասնական Եվրոպայի ձեւավորումը դժվար է պատկերացնել առանց միասնական կրթական համակարգի», - պարզաբանել է ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը Բոլոնիայի գործընթացում Հայաստանի համար առաջընթաց անվանեց կրթության եռաստիճան համակարգի, վարկային համակարգի եւ որակի վերահսկման ինստիտուտի ներդրումը:

«Բոլոնիայի գործընթացի ներդրման ծրագրում Հայաստանը ոչ առաջին եւ ոչ էլ վերջին տեղում է», - ասել է Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերի համաձայն, եռօրյա համաժողովի ընթացքում տասը երկրների կրթության նախարարների հետ տեղի ունեցան նաեւ քննարկումներ, որոնց արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարությունների միջեւ սկսել միջպետական եւ միջկառավարական ծրագրերի ստեղծման գործընթաց:

«2010 թ. հուլիսի 1-ից Բոլոնիայի գործընթացը կձեւավորի համանախագահների ինստիտուտ: Հայաստանը եւ Լեհաստանը Բոլոնիայի գործընթացի համանախագահներն են լինելու 2010 թ. հուլիսի 1-ից մինչեւ տարվա վերջ», - խոսքն ավարտել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---