Ծովային հետազտությունների «Այաս» hայկական ակումբը մարտի 25-ին նշում է իր 25-ամյակը

PanARMENIAN.Net - Մարտի 25-ի երեկոյան Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսավոր երեկոյով մեկնարկելու են հոբելյանական միջոցառումներ` նվիրված Ծովային հետոզոտությունների «Այաս» ակումբի 25-ամյակին:

Հոբելյանական երեկոյի շրջանակներում տեղի են ունենալու համերգ եւ ֆոտոցուցահանդես: Համերգին ելույթ են ունենալու Հայաստանի Պետական կամերային նվագախումբը, «Նարեկ» քառյակը, «Լիբերո» հնգյակը, վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը: Լիլիթ Պիպոյանը, Վահան Արծրունին եւ Էդուարդ Զորիկյանը կներկայացնեն հեղինակային երգեր: «Այաս» ակումբի հյուրերին սպասում է ֆոտոցուցահանդես` կազմված 150 լուսանկարներից, որոնք ներկայացնում են այասցիների անցած ճանապարհը:

«Կարծում եմ, ակումբն արժանի է նշելու իր 25-ամյակը, քանի որ անկախ բազմաթիվ դժվարություններից, կարողացել է իրականացնել հայության համար մի քանի կարեւորագույն նախագծեր: Հավանաբար, դրանցից գլխավորը «Կիլիկիա» առագաստանավի ստեղծումն էր եւ նույն նավով լողալը»,- նշել է Ծովային հետազոտությունների «Այաս» ակումբի նախագահ Կարեն Բալայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

«Այասը» նպատակ ունի ստեղծել Հայաստանում Ծովային թանգարան, որտեղ ցուցադրվելու է ոչ միայն «Կիլիկիան», այլ նաեւ բազմաթիվ ցուցանմուշներ, որոնք գտնվել են ակումբի անդամների հետազոտությունների արդյունքում: Հավատացեք, որ սա դեռ ամենը չէ, անակնկալներ մատուցվելու են ոչ միայն այսօր, այլ նաեւ հետագայում»,- հաղորդել է Կարեն Բալայանը:

Ծովային հետազոտությունների «Այաս» ակումբ

25 տարի առաջ` 1985-ին, ստեղծվել է Ծովային հետազոտությունների «Այաս» ակումբը, որի գործունեությունն ընդգրկում է տարբեր ոլորտների բավական լայն շրջանակ: Իր գործունեության ընթացում ակումբն իրականացրել է բազմաթիվ նախագծեր եւ հասցրել նվիրել իր երազանքը ողջ հայ ժողովրդին` ձեռնարկած գործն ավարտին հասցնելով: 13 տարվա ընթացքում (1985-2003) հնագույն գծագրերի հիման վրա «Այասը» վերականգնել է միջնադարյան հայկական առեւտրային «Կիլիկիա» առագաստանավը: Երկու տարում (2004-2006) ՀՀ հովանու ներքո այդ նավով ակումբի անդամները կրկնել են իրենց նախնիների անցած ծովային ճանապարհը` լողալով Եվրոպայի շուրջ, լինելով 25 երկրների 62 նավահանգիստներում, ինչը հնարավորություն տվեց շատ մարդկանց իմանալ հայկական ծովագնացության վառ պատմության մասին եւ արժանին մատուցել «հայ նավաստիների ժամանակակից սխրանքին»: Սակայն այսօր «Կիլիկիա» առագաստանավը չի դարձել թանգարանային նմուշ, այլ պահվում է Երեւանի «Հրազդան» մարզադաշտում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---