13 ապրիլի 2010 - 17:17 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց մինչև 7%

2010 թ. ապրիլի 13-ի նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 7.0%: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2010 թ. մարտին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.6 տոկոսային կետով` կազմելով 8.8%:

Կենտրոնական բանկի Խորհուրդը փաստեց, որ համաշխարհային տնտեսության վերականգնման դրական միտումների և հակաճգնաժամային միջոցառումների ներքո իրականացված ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների պայմաններում տնտեսական աճի տեմպերը գերազանցում են կանխատեսված ցուցանիշը: Արդյունքում, ներկա գնաճային միջավայրը ձևավորվել է հիմնականում վերոնշյալ գործոնների ազդեցության ներքո, ինչը համապատասխանում է ԿԲ-ի կողմից նախանշված ուղղություններին:

Բացի դրանից, Խորհուրդը գտնում է, որ ձևավորված մակրոտնտեսական միջավայրի և ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների թանկացման պայմաններում կանխատեսվող հորիզոնում գնաճային միջավայրը դեռևս կպահպանվի, թեև 12-ամսյա գնաճի նվազման արձանագրված միտումները կշարունակվեն:

"Հաշվի առնելով վերոնշյալը, Խորհուրդը շարունակում է կարևորել գնաճի սպասվող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը` ուղղված դրական իրական տոկոսադրույքների ձևավորմանը",- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդ որում, ԿԲ Խորհուրդը Կառավարության կողմից հակագնաճային միջոցառումների իրականացման հետ զուգահեռ իրատեսական նախադրյալներ կստեղծի գնաճը նպատակային միջակայք վերադարձնելու համար: