2 հունիսի 2010 - 15:34 AMT
Չինաստանը Հայաստանին 20 մլն յուանի տեխնիկական-տնտեսական աջակցություն կցուցաբերի

Հունիսի 2-ին Հայաստանի կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ ստորագրվել է համաձայնագիր տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, երկու երկրների կառավարություններն ստորագրել են նաեւ նամակ եւ ուղերձ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ու նամակ եւ ուղերձ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից: Փաստաթղթերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից` ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ֆու Ցզըինը:

Համաձայնագրով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանն անհատույց օգնության տրամադրում 20 միլիոն չինական յուանի չափով, որն ուղղվելու է տեխնիկական-տնտեսական համագործակցության ծրագրի իրականացմանը: Նամակով եւ ուղերձով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը հատկացրել է շտապ օգնության 88 մեքենա: