Բագրատ Ասատրյան. Որակական կառուցվածքային փոփոխություն տնտեսության մեջ չի նկատվում

PanARMENIAN.Net - 2010 թվականի առաջին կիսամյակի տվյալները վկայում են այն մասին, որ համաշխարհային տնտեսությունը դանդաղ վերականգնվում է, մասնավորապես, ԱՄՆ-ն, Եվրոպայի երկրները, ՌԴ-ն ու Չինաստանը, որտեղ, օրինակ, աճը կազմել է 15 տոկոս: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա, աճի կայունության մասին վկայում են նաև ֆոնդային բորսաների ցուցանիշները, որոնք վերադառնում են նախկին` նախաճգնաժամային շրջանի տվյալներին: «Ավելին, հետևողականորեն իրագործվում են կառավարությունների հակաճգնաժամային ծրագրերը: Այս ամենը, արտաքին միջավայրը չէր կարող չանդրադառնալ ՀՀ տնտեսության վրա, որտեղ ՀՆԱ ծավալի աճը առաջին կիսամյակի արդյունքում կազմել է 6,7 տոկոս»,-ասել է Բագրատ Ասատրյանը:

Ինչպես նշել է ՀՀ ԿԲ նախկին նախագահը, աճը պայմանավորված է 3 հիմնական գործոններով: «Առաջինը`2009թ. ներգրավված վարկերն են, որոնց արդյունքներն այսօր են տեսանելի դառնում»,-ասել է նա: Երկրորդ գործոնն, ըստ նրա, պղնձի ու մոլիբդենի համաշխարհային գների աճն է, որի ազդեցությունը Հայաստանի բնակչությունն իր վրա չի զգում, «քանի որ լեռնահանքային արդյունաբերությունը գտնվում է առանձին անձանց ձեռքում»: Նա հիշեցրել է, որ օրերս կառավարությունում հանդիպում տեղի ունեցավ ՀԲ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին ընդերքի օգտագործման խնդիրները: Եվ երրորդ գործոնն, ըստ Բագրատ Ասատրյանի, դրամական փոխանցումների ծավալների աճն է:

Այնուամենայնիվ, Բ.Ասատրյանը նշեց, որ դեռ որակական կառուցվածքային էական փոփոխություն տնտեսության մեջ չի նկատվում: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ գրանցվել է արտահանման ծավալների անկում և, ինչը շատ կարևոր է, գյուղատնտեսության ոլորտում: «Գյուղատնտեսությունը մեռած ոլորտ է, քանի որ 1990-ականներից ի վեր բարեփոխումներ այստեղ չեն կատարվել և այսօրվա դրությամբ այն սոցիալական միջավայր է հանդիսանում 1 մլն արտագաղթողների համար»,-ասել է ՀՀ ԿԲ նախկին նախագահը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---