Իսրայելցի փորձագետները կմասնակցեն Հայաստանի սահմանային անցակետերի բարեփոխմանը

Իսրայելցի փորձագետները կմասնակցեն Հայաստանի սահմանային անցակետերի բարեփոխմանը

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սահմանային անցակետերի բարեփոխման և սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման աշխատանքները` ՀՀ նախագահի հանձնարարականների հիման վրա: Արդեն իսկ մրցույթ է հայտարարվել Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի մաքսակետերում աշխատանքների իրականացման ուղղությամբ: Օրերս այդ սահմանային կետեր են այցելել Իսրայելից հրավիրված մաքսային ծառայության պատվիրակության ներկայացուցիչները` Հայաստանի մաքսակետերի ռիսկային կողմերը հայտնաբերելու և դրանց կատարելագործման առաջարկներ ներկայացնելու նպատակով. «Իսրայելի մաքսային ծառայությունը սահմանների համալիր կառավարման ավելի հարուստ փորձ ունի և կարող է օգնել մեզ` արդյունավետ տարբերակներ մշակել մաքսակետերի բարեփոխման աշխատանքների իրականացման գործում»,- հայտնել է ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանը:

Իսրայելի պատվիրակության ներկայացուցիչ Оֆհիր Զիլբերմանն էլ, հայկական կողմին շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ասել է. «Մենք այստեղ ենք` մեր փորձը կիսելու հայ գործընկերների հետ` սահմանների համալիր կառավարման հմտությունների վերաբերյալ: Կարծում եմ` այսպիսի այցելությունները կօգնեն տեղում ավելի լավ պատկերացնել մեր հետագա անելիքները և էլ ավելի խորացնել երկու երկրների համագործակցությունն այս ոլորտում»:

Կարեն Բեգլարյանի խոսքով` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից կոնկրետ նպատակ է դրվել` ունենալ պարզեցված ընթացակարգերով և սպասարկման բարձր մակարդակով մաքսակետեր, որոնք առավել վերահսկելի կլինեն ազգային անվտանգության տեսանկյունից: «Այս բոլոր աշխատանքներն ու շահագրգիռ երկրների հետ ակտիվ համագործակցությունն ուղղված են այդ նպատակի իրագործմանը»,- վստահեցրել է Կ. Բեգլարյանը, հաղորդում է ՊԵԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---