Հայ բլոգերները կրթության նախարարի հետ կիսեցին իրենց «ամենանվիրական» մտորումները

Հայ բլոգերները կրթության նախարարի հետ կիսեցին իրենց «ամենանվիրական» մտորումները

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 12-ին հանդիպել է հայ բլոգերների հետ: Հանդիպմանը շոշափվել են որոշ բուհերի ռեկտորների նշանակման, դպրոցական դասագրքերի, ավագ դպրոցի, դպրոցներում մշակութային դաստիարակության, կոռուպցիայի, հայկական կրթական համակարգի, լեզվի պետական տեսչության հարցերը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին բլոգեր Տիգրան Քոչարյանը, հանդիպման նախաձեռնությունը երկկողմանի էր, քանի որ անցյալ տարի նույնպես եղել են նման հանդիպումներ, և հետաքրքիր է եղել, թե հիմա ինչ իրավիճակ է բլոգոսֆերայում և ինչպիսի նոր հարցեր են ծագել: Նրա խոսքերով, հանդիպումը բավական երկար է տևել` մոտավորապես 3.5 ժամ, և նախարարը համբերատարությամբ պատասխանել է բոլոր հարցերին, մարդիկ կիսվել են ամենանվիրականով, շատ հարցեր, որոնք քննարկվել են, ենթակա չեն հրապարակման: «Չգիտեմ` ինչպես նախարարը, բայց ես հանդիպումից հաճույք ստացա: Հանդիպման ավարտին նա շատ հոգնած տեսք ուներ, բայց պատվով դիմացավ այդ ամենին»,- ասել է Քոչարյանը:

«Կարծում եմ, որ հաջորդ անգամ նույնպես կհանդիպի: Ես որպես բլոգեր ողջունում եմ նման նախաձեռնություններն ինչպես նախարարի, այնպես էլ վարչապետի կողմից, որի հետ վերջերս տեղի է ունեցել նման հանդիպում»,- ասել է Քոչարյանը: Նրա կարծիքով, ճիշտ է այդ ոչ մեծ տեղեկատվական դաշտի վրա ուշադրություն դարձնելը, որովհետև բլոգերները հիմա ներկայացնում են և Facebook-ը, և Twitter-ը: Նա հավելել է նաև, որ այդ այլընտրանքային տեղեկատվական դաշտն ազդում է հասարակական կարծիքի վրա: «Հնարավոր է, այդ ազդեցությունն այնքան մեծ չէ, որքան հեռուստատեսության ազդեցությունը, բայց արդեն կարող է մրցել տպագիր մամուլի հետ: Դրան ուշադրությունը չդարձնելը ճիշտ չէ»,- նկատել է բլոգերը: Նա նաև հավելել է, որ նման հանդիպումներն օգտակար են նրանով, որ տեղեկատվությունն առանց զտումների և օգնականների հասնում է կոնկրետ պաշտոնյաներին, և օգտակար կլիներ, որպեսզի այլ կառույցներ նույնպես մտածեին այդ մասին: Քոչարյանը նշել է, որ երբ խնդիր է լինում և տարածվում բլոգերում ու Facebook-ում, պետական կառույցներն ընդհանրապես չեն արձագանքում:

Քոչարյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումներն ավանդական են դառնալու: «Կփորձեմ իմ կողմից ինչ-որ հանդիպումներ կազմակերպել այլ նախարարների հետ»,- հավելել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---