«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Հարուցվել է քրեական գործ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ:

2011թ. մայիսի 10-ին եւ 11-ին մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա, Շենգավիթ վարչական շրջանի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011թ. մայիսի 3-ին` ժամը 10:30-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մի խումբ բուժաշխատողներ, ունենալով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու պարտականություններ, դրանք կատարել են ոչ պատշաճ եւ դրանց նկատմամբ դրսեւորել անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք: Մասնավորապես` վիրահատման ենթակա 2004թ. ծնված, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Գ. Մովսիսյանի փոխարեն վիրահատարան են տեղափոխել վիրահատման ոչ ենթակա 2006թ. ծնված, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Ն. Դարբինյանին: Վերջինիս նկատմամբ հիշյալ բժշկական կենտրոնի աշխատակիցներն անհիմն իրականացրել են բժշկական վիրահատական միջամտություն` Ն. Դարբինյանի առողջությանն անզգուշությամբ պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության` Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով:

Մայիսի սկզբին դեպքի առնչությամբ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրության համաձայն աշխատանքից ազատվել են բ/կ-ի մի քանի բժիշկներ` իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---