8 հունիսի 2011 - 17:26 AMT
Հայաստանի հակամենաշնորհային մարմինը վարչական վարույթ է հարուցել «Սիթի Պետրոլ Գրուպի» նկատմամբ

Բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում սկսված ուսումնասիրության ընթացքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտել է, որ այս շուկայում գործող որոշ տնտեսվարողների կողմից առկա են օրենքի խախտումներ:

Այսօր՝ հունիսի 8-ին, Հանձնաժողովի նիստում որոշվեց օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ հարուցել վարչական վարույթ՝ «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության նկատմամբ:

«Սիթի Պետրոլ Գրուպը» բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում հանդիսանում է գերիշխող: Այս ընկերության մասնաբաժինը բենզինի շուկայում կազմում է 41,76 տոկոս, իսկ դիզելային վառելիքի շուկայում՝ 40,8 տոկոս, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: