Վահագն Հովնանյանը խորհուրդ է տալիս զարգացնել փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսության զարգացման հիմքը փոքր ու միջին բիզնեսն է, որի գործունեության համար, սակայն, գոյություն ունեն վարչական արգելքներ: Հունիսի 29-ի մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Hovnanian International-ի ղեկավար Վահագն Հովնանյանը: Ըստ նրա, այդ հատվածի խթանումը թույլ կտա զսպել գները, որոնք Հայաստանում թելադրում են մենաշնորհատերերը: «Հայաստանի շուկան մենաշնորհատերերի ձեռքում է, մրցակցությունը բացակայում է: Տնտեսության զարգացման հիմքը ՓՄՁ են, ոչ թե խոշոր բիզնեսը»,-ասել է նա: Հովնանյանն իր փորձից ելնելով պատմեց, թե որքան վարչական արգելքների հանդիպեց, երբ մտադիր էր փայտ ներկրել Ռուսաստանից: Ավելին, ըստ Հովնանյանի, գործող օրենսդրությունը բիզնեսի ոլորտում հարկավոր է համապատասխանեցնել համաշխարհային պահանջներին, «ոչ թե նորը ստեղծել, ինչն էլ կխթանի արտաքին ներդրումների հոսքը»:

Իր հերթին Աժ պատգամավոր Սամվել Բադեյանը համակարծիք էր հայտնի գործարարի հետ այն հարցում, որ մենաշնորհը խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը Հայաստանում, իսկ ՓՄՁ խթանման մեխանիզմներն անարդյունավետ են: Պատգամավորը հավելել է, որ աշխարհի ոչ մի երկրում հետճգնաժամային շրջանը բարենպաստ չի լինում ներդրումային միջավայրի համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, նրա խոսքով, ներդրումների տեսակետից հայկական շուկան փոքր է, կան աշխարհագրական և քաղաքական գործոններ, ինչպես նաև կառավարման ցածր մակարդակի խնդիր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---