Հոկտեմբերին Երևանում կմեկնարկի «Popok» գովազդի միջազգային փառատոնը

Հոկտեմբերին Երևանում կմեկնարկի «Popok» գովազդի միջազգային փառատոնը

PanARMENIAN.Net - Այս տարի հոկտեմբերի 27-ից 29-ը Երևանում կկայանա «Popok» գովազդի միջազգային փառատոնը։ Այս մասին այսօր հայտարարեցին փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, փառատոնի տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը և փառատոնի ֆինանսական տնօրեն Տիգրան Բալոյանը։

Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ։ Րաֆֆի Նիզիբլյանի խոսքով կազմակերպիչները ձեռք են բերել 1 տարվա փորձ. «Այս տարի ավելի շատ բան ունենք սովորելու։ «Popok» առաջին փառատոնը կայացել է»։

Րաֆֆի Նիզիբլյանը նաև նշեց, որ փառատոնի ընթացքում անցկացվելու են վարպետության դասեր. «Նախորդ տարի վարպետության դասերին ներկա էին 350 մասնակից Հայաստանից և 50 այլ երկրներից։ Նման վարպետության դասերի անցկացումը կարևոր է, այլապես փառատոնն առանց ուսուցողական մասի ցուցադրական բնույթ կկրի»։

««Popok» -ի ժյուրիի կազմում այնպիսի մարդիկ են, ովքեր պատիվ կբերեն ցանկացած միջազգային փառատոնի։ Սա հինալի հնարավորություն է Հայաստանում ապրող ցանկացած մարդու համար, առանց ծախսեր անելու մասնակցել փառատոնին, շփվել միջազգային մասնագետների և դեմքերի հետ»,-ասաց փառատոնի ֆինանսական տնօրեն Տիգրան Բալոյանը։

Նախորդ տարվա պես փառատոնը կունենա միջազգային ժյուրի։ Ժյուրիի նախագահն է «Եվրոպայի արտ տնօրենների ակումբի» նախագահ և աշխարհով մեկ ճանաչաված «Leo Burnett» գովազդային գործակալության խմբի գլխավոր կրեատիվ տնօրեն Ֆրանկո Մորետին։ Ժյուրիի կազմում են նաև «Debot WPF» բրենդինգային գործակալության նախագահ Ալեքսեյ Անդրեևը, «Վոսխոս» գովազդային ասոցիացիայի արտ-տնօրեն Վլադիսլավ Դերևյաննիխը և այլ մարդիկ։

Րաֆֆի Նիզիբլյանի խոսքով փառատոնին մասնակցելու առաջարկներ ուղարկվել են մի շարք միջազգային մասնագետների և գործակալությունների։ Միջազգային մասնակիցների վերջնական ցուցակը հայտնի կլինի շուտով։

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝փառատոնը տարբերվում է նախորդից այնքանով, որքանով 2 տարեկան երեխան մեկ տարեկանից։

Այս տարի «Popok»-ը կունենա 4 անվանակարգ՝ գրաֆիկական դիզայն, տպագրություն և արտաքին գովազդ, ինտերակտիվ (հեռուստատեսային և ռադիո), մարկետինգային արշավ։ Արմեն Մարտիրոսյանի խոսքով Հայաստանի գրաֆիկական դիզայնի դպրոցը շատ բարձր մակարդակի և Հայաստանը միշտ ուժեղ գործեր է ներկայացնում միջազգային փառատոններին։

Միավորվել են հեռուստատեսային և ռադիո գովազդները մեկ անվանակարգում։ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով դժվար է գտնել ռադիոժյուրի։

«Popok» գովազդի միջազգային առաջին փառատոնը անցկացվել է 2010-ի հոկտեմբերի 28-30-ը։ Փառատոնին ներկայացվել է ավելի քան 450 աշխատանք աշխարհի 12 երկրներից։ «Popok»-ի նպատակն է հայաստանյան գովազդի շուկայի զարգացումը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---