Ռուսական «Աերոտիեզերքը» որոշել է ծանոթանալ Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ՌԴ աերոտիեզերական տեխնոլոգիաների և մոնիտորինգի ինստիտուտի տնօրեն, «ՌԴ պետական աերոտիեզերք» կազմակերպության փոխտնօրեն, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս, գեներալ-մայոր Միխայիլ Շահրամանյանին:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների նախարարությունների պատասխանատու պաշտոնյաներ:

Փոխվարչապետը ողջունեց Մ.Շահրամանյանի ղեկավարած կազմակերպությունների պատրաստակամությունը` համագործակցել Հայաստանում համապատասխան գործունեութուն ծավալող պետական և մասնավոր ընկերությունների հետ:

Հայաստան կատարած այցի ընթացքում մասնավորապես նախատեսվում է քննարկել հակակարկտային կայանների արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները: Հայաստանի ավիացիոն ծառայությունների հետ կքննարկվի օդային հաղորդակցության համար կարևոր ամպամածության ներքին սահմանի բարձրացման հարցերում հնարավոր գործակցությունը:

Ներկայացվեց նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ էլեկտրահաղորդիչ ցանցերի արդիականացման և առկա ցանցերի միջոցով մեծ էներգետիկ հզորություններ փոխանցելու ոլորտում համագործակցության հնարավորությունը:

Փոխվարչապետն առաջարկեց համապատասխան պետական մարմինների հետ քննարկել ներկայացվող առաջարկությունները, ուսումնասիրել դրանք Հայաստանում կիրառելու և համագործակցության առավել արդյունավետ տարբերակներ հայտնաբերելու հնարավորությունները, հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---