24 օգոստոսի 2011 - 20:19 AMT
Մոտ ապագայում կլուծվի Հայաստանի և Չինաստանի միջև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցության հարցը

Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանը օգոստոսի 24-ին Պեկինում հանդիպեց ՉԺՀ պետխորհրդի առաջին փոխվարչապետ Լի Կեցյանի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը քննարկվեցին երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու վերաբերյալ հարցեր:

Երկուստեք արձանագրելով հարաբերությունների զարգացման դրական դինամիկան` կողմերը վստահություն հայտնեցին, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի նոր թափ հաղորդել հայ-չինական համագործակցությանը: Նշվեց, որ երկու երկրների կառավարությունները մեծ աշխատանք են իրականացրել`փոխգործակցության և բարեկամական կապերի զարգացման ամուր հիմք ստեղծելու համար: Բարձր գնահատվեց երկու երկրների միջև համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև անրադարձ եղավ վերջին տարիներին երկկողմ բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններին, որոնք նպաստեցին հարաբերությունների զգալի ակտիվացմանը: Կարևորվեց փոխայցերի հաճախականության պահպանումը, ինչը հնարավորություն է տալիս հարաբերությունների սահուն զարգացում ապահովել:

Քննարկվեցին մի շարք ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առևտրաշրջանառության ծավալները ընդլայնելու, հատկապես հայկական արտադրանքը Չինաստան արտահանելու հնարավորությունները: Անդրադարձ եղավ հայ-չինական առևտրատնտեսական միջկառավարական հանձնաժողովի` այս տարվա ապրիլին Երևանում կայացած 6-րդ նիստի և հայ-չինական գործարար համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին: Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ հայ-չինական համագործակցությանն առնչվող հարցերն ուսումնասիրելու, գործակցության խնդիրների լուծման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված համակարգող խորհուրդը ևս իր ներդրումը կունենա երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանման գործում:

Երկկողմ շփումների ակտիվացման համատեքստում կարևորվեցին նաև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցության հաստատման, անցագրային ռեժիմի պարզեցման, զբոսաշրջության զարգացման հարցերը: ԱրմենԳևորգյանը նշեց, որ այս տարվանից քայլեր են ձեռնարկվել ՉԺՀ քաղաքացիների համար մուտքի թույլտվության տրամադրման գործընթացի դյուրացման ուղղությամբ: Նա նաև հույս հայտնեց, որ մոտ ապագայում կլուծվի կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցության հարցը: Քննարկվեցին նաև ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացման հարցեր: Դրական գնահատվեց սկիզբ առած գործակցությունը Երևանի և Պեկինի միջև, անդրադարձ եղավ Հայաստանի Լոռու մարզի և Չինաստանի Շանսի նահանգի միջև համագործակցության հեռանկարներին: Արմեն Գևորգյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել նման գործակցության խորացմանը:

Գործընկերոջը շնորհակալություն հայտնելով ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանին շարունակաբար ցուցաբերվող տեխնիկական աջակցության համար` Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ ամռան սկզբին ստացված շտապօգնության մեքենաներն արդեն ծառայում են իրենց նպատակին, իսկ Երևանի քաղաքապետարանն արդեն սպասում է ուղևորատար ավտոբուսների հատկացման ծրագրի իրականացմանը: ՀՀ փոխավարչապետը ՉԺՀ գործընկերոջը հրավիրեց այեցելել Հայաստան: