Ախթալայում կայանալիք խորովածի փառատոնի կրակարանը 20 մ երկարություն կունենա

Ախթալայում կայանալիք խորովածի փառատոնի կրակարանը 20 մ երկարություն կունենա

PanARMENIAN.Net - Այս տարի «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագրով անցկացվող խորովածի փառատոնը նվիրված է լինելու անկախության 20-ամյակին և ունենալու է 20 մ երկարությամբ կրակարան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց և սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում կազմակերպվող խորովածի համահայկական փառատոնի մասին պատմեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Խորովածի փառատոնի առաջնային խնդիրը միջոցառումների, խոհարարի վարկանիշը բարձրացնելու միջոցով հայկական խոհանոցի հանդեպ հետաքրքրության առաջացումն է։ «Ոչ միայն մեր խոհանոցի վարկանիշը բարձրացնելն է մեր նպատակը, այլև՝ մեր երկիրն աշխարհին ևս մեկ անգամ ներկայացնելը։ Սա նաև կզարգացնի տուրիզմը»,- ասաց Մամուլյանը՝ հավելելով, որ փառատոնով արդեն իսկ հետաքրքրված են մի շարք տուրիստական կազմակերպություններ։

Այս տարվա փառատոնը աննախադեպ է մասնակիցների թվով և մասնակից երկրներով։ Լինելու են պատվիրակություններ Ռուսաստանից, Ռումինիայից, Վրաստանից և ՀՀ մարզերից։ Կազմակերպիչները հատուկ խոսեցին Վրաստանի պատվիրակության մասին, որի կազմում լինելու են 2 մարզպետեր, նախագահի խորհրդականը և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։

Փառատոնի մոտավոր բյուջեն կազմում է 3,5 մլն դրամ՝ չհաշված նվիրատվությունները ու մսի վրա ծախսվող գումարը, որը ռեստորաններն իրենց հաշվին են տրամադրելու։ «Սիմվոլիկ գներով կվաճառվի միսը։ Իսկ հասույթը կնվիրվի եկեղեցուն տարածքի բարեկարգման նպատակով»,- ասաց Սեդրակ Մամուլյանը։ Նա նշեց, որ ակնկալում են 5000 մասնակից ունենալ։ «Խորովածի փառատոնը կշտանալու համար չէ, այլ ուտելու մշակույթ ձևավորելու խնդիր ունի»,- նշեց բանախոսը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---