Աճող համաշխարհային ռիսկերի ֆոնին Հայաստանը պետք է հույսը դնի սեփական ռեսուրսների վրա, ասել է վարչապետը

Աճող համաշխարհային ռիսկերի ֆոնին Հայաստանը պետք է հույսը դնի սեփական ռեսուրսների վրա, ասել է վարչապետը

PanARMENIAN.Net - 2012 թվականն ունի մեկ այլ առանձնահատկություն. այն է` միջազգային տնտեսական ռիսկերն ավելանում են, սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Տեղյակ եք, որ վերջին շաբաթվա ընթացքում Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը ևս մեկ անգամ անդրադարձել են համաշխարհային տնտեսության կանխատեսումներին, և այդ ցուցանիշները նույնպես նվազել են։

Այսինքն, համաշխարհային տնտեսության վիճակն այս պահին բարվոք չէ և այդ ռիսկերը կարող են դրսևորվել 2012 թվականի ընթացքում։ Դա նշանակում է, որ 2012-ին մենք շեշտը դնելու ենք մեր ռեզերվների և ռեսուրսների բացահայտման վրա։ Բոլոր գերատեսչությունների ղեկավարները պարտավոր են առաջնորդվել հենց այս սկզբունքով։ Մենք դեռևս շարունակելու ենք, ինչպես այսօր ձեր բարձրացրած հարցերի, այնպես էլ լրացուցիչ այլ խնդիրների, մասնավորապես, հարկային փաթեթի քննարկումները, քանի որ, իհարկե, հարկային բազան ավելացնելուն ուղղված միջոցառումներում մենք պետք է լինենք շատ զգուշավոր, որպեսզի չհարվածենք տնտեսական աճին, իսկ այդտեղ մենք լուրջ խնդիրներ ունենք։

Մի կողմից` մենք պետք է բացահայտենք այն ոլորտները, որտեղ կան եկամուտներ, և այն եկամուտներն ու շահույթները, որոնք մենք վատ ենք հարկում, բայց մյուս կողմից էլ պետք է նայենք, որ այդ հարկային բազայի ավելացումը չխոչընդոտի տնտեսության զարգացմանը։ Այնպես որ, 2012 թվականին մեր առջև բարդ խնդիր է ծառացած, և մենք պարտավոր ենք հաղթահարել այն»,- ասել է վարչապետը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---